‘
Եգիպտոսում առնվազն 36 կալանավորներ՝ «Մուսուլման եղբայրներ» շարժման ներկայացուցիչներ, զոհվել են փախուստի փորձ կատարելիս այն ժամանակ, երբ նրանց ուզեցել են տեղափոխել Կահիրեից դուրս մեկ այլ կալանավայր: Սկզբում երկրի ներքին գործերի նախարարությունը հայտարարեց, որ կալանավորները զոհվել են ինչ-որ անհայտ գրոհայինի հարձակման արդյունքում, որը կրակ է բացել նրանց ուղղությամբ: Սակայն ավելի ուշ ՆԳՆ-ն խոստովանեց, որ բանտարկյալները խեղդվել են արցունքաբեր գազից, որը բանտապահները կիրառել են այն ժամանակ, երբ կալանավորները մի զինվորականի են պատանդ վերցրել:
Ավելի վաղ եգիպտական բանակի ղեկավար Աբդել Ֆաթահ Սիսին զգուշացրել էր Եգիպտոսի գահընկեց արված նախագահ Մուրսիի կողմնակիցներին, որ չի հանդուրժելու բռնություն, սակայն նաև հավելել էր, թե Եգիպտոսում «բոլորի համար էլ տեղ կճարվի», փոխանցում է BBC-ի ռուսական ծառայությունը:
‘