‘Եգիպտոս. նոր իշխանությունները խոստանում են ընտրություններ անցկացնել 2014 թ.’

645

Եգիպտոսի գահընկեց արված նախագահ Մոհամեդ Մուրսիի կողմնակիցներն անդրդվելի են. չնայած երկուշաբթի օրն ունեցած ավելի քան հիսուն զոհերին՝ նրանք շարունակում են նստացույցը և զանգվածային բողոքի ցույցերը: Երկրի նոր իշխանությունները խոստացել են անհապաղ ձեռնամուխ լինել խորհրդարանական ընտրությունների նախապատրաստմանը և դրանք անցկացնել արդեն 2014 թ. սկզբին: Սակայն դա չի սառեցրել բորբոքված կրքերը. մուսուլման-եղբայրները բանակին մեղադրում են կոտորածի և կեղծարարության մեջ՝ պահանջելով վերադարձնել «իրենց նախագահին»: «Այն ամենը, ինչ զինվորականներն ասել են մամլո ասուլիսում, կեղծիք է և հորինվածք: Ցանկացած ոք, ով մասնակցել է Եգիպտոսում հեղափոխական շարժմանը, անմիջապես կճանաչի այն կադրերը, որոնք ցուցադրվել են բանակի համաժողովում. դրանք մեկուկես տարվա վաղեմության կադրեր են, երբ բախվել էին զինվորներն ու հեղափոխական-մարտիկները»:

Երկուշաբթի պետական հեռուստատեսությամբ ցուցադրված կադրերը նպատակ ունեին հաստատելու բանակի վարկածը, որի համաձայն՝ երկուշաբթի գիշերը «մի խումբ ահաբեկիչներ» փորձել են գրոհով վերցնել Հանրապետական գվարդիայի շենքը, որտեղ պահվում է Մուրսին, իսկ բանակն ու ոստիկանությունը ընդամենը պաշտպանվել են: Մինչդեռ «Մուսուլման եղբայրները» պնդում է, որ կրակը բացել են զինվորականներն ու ոստիկանները՝ ցույցը ցրելու  համար: Իսլամիստները պահանջում են ժամանակավոր նախագահ Ադլի Մանսուրի հրաժարականը և իրենց կողմնակիցներին ապստամբության կոչ են անում, փոխանցում է euronews-ը:

Նախորդ հոդվածը‘Յուրա Մովսիսյանը այսուհետ հանդես կգա 10 համարի մարզաշապիկով’
Հաջորդ հոդվածը‘Գագիկ Բեգլարյան.«Աշխատում ենք, որ տրանսպորտի թանկացումը լինի ի օգուտ ժողովրդի»’