‘Եգիպտոս. պաշտոնանկ արված Մուրսին ձերբակալվել է’

799

Եգիպտոսի բանակի ղեկավար Աբդել Ֆաթահ Սիսին իր հեռուստաուղերձում հայտարարել է, որ նախագահ Մոհամեդ Մուրսին պաշտոնանկ է արվել: Գեներալը նշել է, որ Մուրսին չի արդարացրել եգիպտացի ժողովրդի ակնկալիքները, և այժմ երկրի սահմանադրության գործողությունը կասեցված է: Իսլամիստական «Մուսուլման եղբայրներ» շարժումը, որի ներկայացուցիչն էր նախագահը, հայտարարել է, որ Մուրսին ռազմակայանում կալանքի տակ է: Հաղորդվում է այդ շարժման ևս երկու բարձրաստիճան պաշտոնյաների ձերբակալության մասին:  

Բանակի հրամանատարի հայտարարությունը ցնծությամբ է ընդունվել Կահիրեի Թահրիր հրապարակում հավաքված տասնյակ հազարավոր ցուցարարների կողմից: Հրավառություններով ու պարերով ուղեկցվող տոնակատարությունները շարունակվել են ողջ գիշեր:

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը մտահոգություն է արտահայտել Եգիպտոսում տեղի ունեցող իրադարձությունների կապակցությամբ և կոչ է արել հարգել մարդու իրավունքները, մասնավորապես՝  հավաքների ազատության և սեփական կարծիքն արտահայտելու իրավունքները: «Շատ եգիպտացիներ փողոց են դուրս եկել իրենց բողոքն արտահայտելու, սակայն ցանկացած երկրում զինվորականների միջամտությունը մտահոգվելու տեղիք է տալիս»,- հայտարարել է Պան Գի Մունը: ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման նույնպես խորը մտահոգություն է հայտնել եգիպտական զինվորականների՝ երկրի նախագահին պաշտոնանկ անելու որոշման կապակցությամբ, և հույս հայտնել, որ Եգիպտոսը շատ արագ կվերադառնա քաղաքացիական կառավարման ձևին: Ամերիկյան իշխանությունները նաև հայտնել են Եգիպտոսից իրենց դիվանագիտական անձնակազմին և նրանց ընտանիքներին դուրս բերելու մասին, փոխանցում է BBC-ի ռուսական ծառայությունը:

Նախորդ հոդվածը‘Հրդեհ է բռնկվել Փարաքարում’
Հաջորդ հոդվածը‘Այսօր՝ հուլիսի 4-ին սպասվող իրադարձությունները’