‘Եզրափակչին ընդառաջ՝ Կոնֆեդերացիաների գավաթի լավագույն եզրափակիչները. Տեսանյութեր’

975

Վաղը տեղի կունենա բրազիլիայում անցկացվող Կոնֆեդերացիաների գավաթի եզրափակիչը, որտեղ կհանդիպեն մրցաշարի ֆավորիտներ Բրազիլիան և Իսպանիան:

Ֆահդ արքայի անվանումը կրող մրցաշարը, որին մասնակցում էին մայրցամաքների հաղթողները, 1997-ին առաջին անգամ անցավ ՖԻՖԱ-ի հովանու ներքո և ստացավ Կոնֆեդերացիաների գավաթ անվանումը: Այն սկզբում անցկացվում էր 2 տարին մեկ՝ տեղ գտնելով Եվրոպայի և Աշխարհի առաջնությունների արանքում: Այժմ այն տեղի է ունենում 4 տարին մեկ, և դիտարկվում է որպես ապագա աշխարհի առաջնության փորձադաշտ: 1995-ից հետո սա առաջին դեպքն է, երբ եզրափակչում հանդիպում են ֆուտբոլային ամենահզոր մայրցամաքների հավաքականներ և համեմատաբար ձանձրալի կիսաեզրափակիչներից հետո ֆուտբոլասերները բրազիլացիների և իսպանացիների մասնակցությամբ եզրափակչում ներկայացում են սպասում:

Վերհիշենք մրցաշարի 21 տարիների ընթացում լավագույն եզրափակիչները:

1999: Մեքսիկա — Բրազիլիա 4-3

1999-ին մրցաշարը անկացվում էր անմիջապես «Կոպա Ամերիկայից» հետո և տևելու էր ընդամենը 10 օր: Բրազիլացիները մրցաշարին ներկայանալով առանց Ռոբերտո Կառլոսի, Ռիվալդոյի եւ Ռոնալդոյի, միևնույն է՝ կարողացան խմբային փուլում ջաղջախել գերմանացիներին և եզրափակչին մոտենալ ֆավորիտների կարգավիճակում: Դրա հետ համաձայն չէր երևի թե Մեքսիկայի վերջին 20 տարիների լավագույն հավաքականը, որտեղ խաղում էին Խորխո Կամպոսը, Ռաֆա Մարկեսը, Պավել Պարդոն և Կուատեմոկ Բլանկոն: Բայց եզրափակչում մեքսիկները հաղթեցին ոչ միայն այս խաղացողների, այլև 110.000 երկրպագուների շնորհիվ, ովքեր ներկա էին այդ օրը «Էստադիո Ացտեկա» մարզադաշտում:

2003: Ֆրանսիա — Կամերուն 1-0

Մեկ տարի առաջ մրցաշարի գլխավոր ֆավորիտներ բրազիլացիները հաղթել էին ԱԱ 2002-ում, իսկ ֆրանսիացիները ձախողել էին այն: Առանց Զինեդին Զիդանի մրցաշարին ներկայացած ֆրանսիացիները, սեփական երկրպագուների առջև պետք է ապացուցեին, որ Ասիայում տեղի ունեցածը պատահականություն էր և նրանք դեռևս ունակ են նոր մրցանակներ նվաճելու: Բրազիլացիներն էլ Կարլոս Ալբերտո Պերեյրայի գլխավորությամբ՝ առանց Ռիվալդոյի և Ռոնալդոյի, շատ հեռու էին մեկ տարի առաջվա իրենց մարզավիճակից և չկարողացան հաղթահարել նույնիսկ խմբային փուլը:

Ֆրանսիայում տեղի ունեցած մրցաշարը ցավալիորեն մթագնեց Կամերունցի Մարկ-Վիվյեն Ֆոեի մահով, Կոլոմբիայի դեմ կիսաեզրափակչում, որին հաջորդող Ֆրանսիա — Թուրքիա կիսաեզրափակչի մեկնարկում Տյերի Անրին և Գրեգորի Կուպեն չէին կարողանում զսպել իրենց արցունքները:

Եզրափակչում մրցաշարի հայտնություն դարձած կամերունցիները հավասար հանդիպում անցկացրին ֆրանսիացիների դեմ, որոնք հաղթեցին միայն 97-րդ րոպեին Անրիի «ոսկե գոլի» շնորհիվ: Հաղթանակից հետո ֆուտբոլի պատմության ընթացքում, առաջին անգամ գավաթը բարձրացրին և հաղթող և պարտվող կողմերի ավագները՝ Մարսել Դեսային և Ռիգոբեր Սոնգը:

2009: Բրազիլիա — ԱՄՆ 3-2

Դեռևս 2009-ին ՀԱՀ-ում անցկացվող մրցաշարում, որտեղ առաջին անգամ լսվեցին «վուվուզելաների» ձայները, շատերը սպասում էին Բրազիլիա — Իսպանիա եզրափակչին: Բրազիլացիները հաղթել էին վերջին «Կոպա Ամերկայում» իսկ իսպանացիները՝ Եվրո 2008-ում: Սակայն իսպանացիները անակնկալ կերպով կիսաեզրափակչում զիջեցին ԱՄՆ-ի հավաքականին և ստիպված էին բավարարվել միայն երրորդ տեղով: Եզրափակչում Դունգայի գլխավորած թիմը, որին արդեն այդ ժամանակ քննադատում էին ոչ ավանդական հարձակողական ֆուտբոլ խաղալու համար, մեծ բարդությունների հանդիպեց ԱՄՆ-ի դեմ խաղում: Առաջին խաղակեսի միջնամասում Դոնովանը հանդիպման հաշիվը դարձրեց 0-2 և թվում էր, որ ամերիկացիները էլ ավելի մեծ անակնկալի հեղինակ կդառնան, բայց բրազիլացիներին երկրորդ խաղակեսում հաջողվեց շրջել հանդիպման ընթացքն ու նվաճել իրենց երրորդ Կոնֆեդերացիաների գավաթը:

Նախորդ հոդվածը‘Կարեւոր. Հայաստանը դիվանագիտական հարաբերություններ հաստատեց Ուգանդայի և Մավրիկիոսի հետ’
Հաջորդ հոդվածը‘Վահե Ավետյանի հիշատակին նվիրված մոմավառության ժամանակ անհետացել է նրա անվամբ հուշաքարը. Ֆոտոշարք’