‘
Իրանը դուրս կգա իր միջուկային ծրագրի պայմանագրից, եթե ԱՄՆ-ը դա անի, հայտարարել է Իրանի խորհրդարանի խոսնակ Ալի Լարիջանին:
«Անկասկած, նման հնարավորություն կա»,- ասել է նա՝ պատասխանելով լրագրողների համապատասխան հարցին:
Լարիջանիի խոսքով՝ Համապարփակ համատեղ գործողությունների պլանի խախտումը կամ դրանից դուրս գալը ՄԱԿ-ին հասցված վիրավորանք կլինի: «Ինչ վերաբերում է միջուկային պայմանագրին, ապա դա երկկողմ համաձայնագիր չէ, այն ամրացված է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերով: Այսինքն՝ դա, առաջին հերթին, վիրավորանք է ՄԱԿ-ի հասցեին»,- ասել է Լարիջանին:
Խորհրդարանի խոսնակը նաև նշել է, որ ԱՄՆ-ը Իրանի դեմ նոր պատժամիջոցներով ուզում է խախտել կայունությունը, բայց Թեհրանը կարող է դրան պատասխանել: «Դրան մենք հստակ և պարզ պատասխան ունենք. եթե ԱՄՆ-ը նման միջոցներ կիրառի, Իրանը նույնպես կարող է դա անել»:
Փոխանցում է tass-ը:
‘