‘ «Եթե անհրաժեշտություն լինի»՝ դատարանը կքննի Ալիկ Սարգսյանին որպես վկա դատակոչելու հարցը ‘

844

Կոնգրեսի չորս ակտիվիստների գործով Վերաքննիչ քրեական դատարանն այսօր  մասամբ բավարարեց նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանին դատակոչելու եւ 2011 թվականի օգոստոսի 11-ին մամուլի ասուլիսում հնչեցրած հայտարարությունը հրապարակելու ու որպես ապացույց հետազոտելու` պաշտպանական կողմի միջնորդությունը:

Դատարանը, որպես հիմնավորում՝ նշեց, որ կհրապարակի մամուլում տեղ գտած հրապարակումն ասուլիսի վերաբերյալ եւ եթե պաշտպանական կողմը գտնի, որ այնտեղ թերի կամ կիսատ կողմեր կան, ապա դատարանը կանդրադառնա տեսանյութը հրապարակելու հարցին:  

Սարգիս Գեւորգյանը նշեց, որ կարող է պնդել,  որ կա տարբերություն մամուլի հրապարակման եւ տեսանյութի բովանդակության միջեւ: Մասնավորապես, նա նշեց այն հանգամանքը, որ Ալիկ Սարգսյանը ասուլիսի ընթացքում ասել է, որ միջադեպի մասնակից ոստիկանները թեթեւ վնասվածքներ են ստացել, բայց ինքն ասել է, որ դրանք չգրեն: Ըստ Սարգիս Գեւորգյանի՝ դա ապացուցում է, որ Ալիկ Սարգսյանը ի սկզբանե ուղղորդել է նախաքննությունը՝ ոչ օրինաչափ ձեւով:  

Տիգրան Առաքելյանը նշեց, որ եթե մեկ դրվագում կա անօրինականություն, ապա պետք է անարժանահավատ համարել ողջ նախաքննության ընթացքը:

Դատավոր Եվա Դարբինյանը նշեց, որ այս պահին դատարանը տեխնիկական միջոցներ չունի տեսանյութը դիտելու համար, եւ տեսանյութի սղագրությանը ծանոթանալուց հետո կքննվի՝ այն դատարանի դահլիճում հրապարակելու հարցը, իսկ այնուհետեւ նաեւ Ալիկ Սարգսյանին, եթե անհրաժեշտություն լինի, որպես վկա դատակոչելու հարցը:

Տիգրան Առաքելյանն իր խափանման միջոց կալանքը փոխելու միջնորդության վերաբերյալ եւս մեկ անգամ պնդեց, որ որեւէ տեղ թաքնվելու եւ դատաքննությանը խոչընդոտելու մտադրություն չունի: Ավելին, նշեց, որ թեեւ նա պարտավոր չէ ապացուցել իր անմեղությունը, բայց ամեն կերպ օգնում է դատարանին՝ պարզելու, թե ինչ է տեղի ունեցել: 

Նախորդ հոդվածը‘Ֆոտոշարք դատարանի դահլիճից’
Հաջորդ հոդվածը‘2013թ. առաջին կիսամյակում Հայաստանից 21,1 հազարով ավելի մարդ է մեկնել, քան անցած տարի նույն ժամանակ’