‘«Եթե Մարտի 1-ի խնդիրները չեն լուծվում իրավական գործընթացների միջոցով, դա հղի է այլ միջոցներով հարցեր լուծելու սպառնալիքով»’

1790

ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովն այսօրվա նիստում դրական եզրակացություն տվեց ու միաձայն կողմ քվեարկեց ԱԺ «Հայ ազգային կոնգրես» խմբակցության ներկայացրած «2008թ. մարտի 1-2-ին Երեւան քաղաքում տասը անձանց սպանությունների, քաղաքացիական անձանց, ոստիկանության աշխատակիցներին ու զինծառայողներին հրազենային ու այլ մարմնական վնասվածքներ պատճառելու դեպքերով ՀՀ ոստիկանության, Հատուկ քննչական ծառայության եւ ՀՀ գլխավոր դատախազության ձեռնարկած միջոցառումների ու գործողությունների հիմնավորվածության եւ օրինականության հարցը ուսումնասիրող ՀՀ Ազգային ժողովի ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին» որոշման նախագծին: Այժմ նախագիծն ընդգրկվել է ԱԺ քառօրյա նիստերի օրակարգ:

Այդ կապակցությամբ iLur.am-ը զրուցեց նախագծի համահեղինակ, ԱԺ «Հայ ազգային կոնգրես» խմբակցության պատգամավոր, գլխավոր դատախազի նախկին տեղակալ Գագիկ Ջհանգիրյանի հետ

-Պարոն Ջհանգիրյան, հանձնաժողովն այսօր միաձայն կողմ քվեարկեց ձեր ներկայացրած նախագծին: Ձեր կարծիքով՝ ինչո՞ւ իշխանությունները միաձայն հավանության արժանացրին ընդդիմության այս առաջարկը:

-Ակնհայտ է, որ մարտի 1-ի խնդիրն այս վիճակում հնարավոր չէ փակել: Այդ խնդրի լուծումն են պահանջում ոչ միայն քաղաքական ուժերը, զոհերի ծնողները, հարազատները, այլեւ` միջազգային կառույցները` ԵԽԽՎ-ն, ԵՄ-ն եւ այլն: Ուստի հարկավոր է թեկուզ միջանկյալ ինչ-որ լուծում տալ: Դրա համար նաեւ նրանք կողմ եղան այս հանձնաժողովի ստեղծմանը. ուրիշ էլ ի՞նչ կարող էին անել, որքա՞ն կարող էին կոծկել 10 սպանությունը, հարյուրավոր հրազենային վնասվածքների ու վիրավորների խնդիրը: Դա վտանգավոր է: Եթե այդ խնդիրները չեն լուծվում իրավական օրինական գործընթացների միջոցով, դա հղի է այլ միջոցներով հարցեր լուծելու սպառնալիքով:

-Ըստ ձեզ՝ որքանո՞վ կենսունակ կլինի այդ հանձնաժողովը, որքանո՞վ այն կկարողանա լուծել իր առջեւ դրված խնդիրները:

— Եթե հիշում եք` թե՛ հանձնաժողովում դեռ դեկտեմբերին կայացած քննարկման ժամանակ, թե՛ այս անգամ, ես հնարավորինս բացառեցի քաղաքական ենթատեքստեր ու քաղաքական որակումներ տալու խնդիրը` միմիայն նպատակ ունենալով կարեւորել հարցի իրավական քննարկումը: Դա, կարծում եմ, զգալի դեր ունեցավ, որ տարբեր կուսակցություններ, քաղաքական ուժեր հնարավորություն չունենան օգտագործել քաղաքական պիտակումներ կամ որակումներ`անտեսելու հարցի բովանդակային քննարկման խնդիրը: Ես կարծում եմ` հենց այս տակտիկայի օգտագործման միջոցով հնարավորություն եղավ ունենալ քվեարկության նման արդյունքներ: Հատկապես ես, նաեւ իմ այն գործընկերները, ովքեր կընդգրկվեն այդ հանձնաժողովի կազմում, պետք է հնարավորինս ձեռնպահ մնանք քաղաքական գնահատականներից, որպեսզի կարողանանք առաջընթաց ու արդյունք գրանցել իրավական խնդիրների քննարկման ու բարձրացման ժամանակ:

-Բայց չէ՞որ մարտի 1-ը նաեւ քաղաքական հարց է:

— Իհարկե, ես հասկանում եմ` հնարավոր չէ մարտի 1-ի խնդիրը դիտարկել քաղաքական կոնտեքստից դուրս: Բայց մենք պետք է ձգտենք հնարավորինս քիչ քաղաքականացնել այն, որպեսզի կարողանանք մասնագիտական ոլորտում ունենալ առաջընթաց: Ես այն կարծիքին չեմ, որ ՀՀԿ եւ ՕԵԿ ներկայացուցիչները բոլոր հարցերում ՀԱԿ-ի տեսակետի հետ պետք է համաձայնեն ու համակերպվեն: Բայց երբ մենք քննարկենք հարցերը հնարավորինս իրավական հարթության մեջ, ապա դժվար կլինի հիմնավոր իրավական փաստարկներին ու տեսակետներին դեմ արտահայտվել ու դեմ քվեարկել:

— Քանի որ հանձնաժողովը նաեւ նպատակ ունի ուսումնասիրել իրավապահ մարմինների գործողությունների իրավաչափությունը, ձեր կարծիքով՝ այդ մարմինները կփորձե՞ն արդյոք տորպեդահարել հանձնաժողովի աշխատանքները, թե՞ ոչ:

— Նման փորձեր եղել են նաեւ նախորդ հանձնաժողովի ժամանակ, նման փորձեր միգուցե լինեն նաեւ հիմա: Բայց ես կարծում եմ, որ հանձնաժողովի անդամների պրոֆեսիոնալիզմից, նրանց հարցադրումների որակից, իրավական ակտերին, նախաքննության եւ օպերատիվ հետախուզական աշխատանքների պրակտիկային տիրապետելուց շատ բան է կախված:

— ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց հարցի` օրակարգ ընդգրկվելուն, իսկ արդյո՞ք ԱԺ պատգամավորները, մասնավորապես՝ իշխող մեծամասնությունը, կողմ կքվեարկեն այդ նախագծին արդեն դահլիճում:

— Ես չեմ կարծում, որ հանձնաժողովը դրական եզրակացություն կտար՝ առանց քաղաքական սանկցիա ունենալու: Բնական է, որ քաղաքական կոալիցիան իր խմբակցության նիստերում եւ ավելի վերին ատյաններում այս հարցը քննարկել է, եւ գտել են, որ հանձնաժողովի ստեղծումն ավելի շատ նպաստ է բերում, քան՝ մերժումը: Որովհետեւ մերժումը ինքնըստինքյան կամրագրեր քաղաքական դիրքորոշում, որը հազիվ թե որեւէ իշխանության ձեռնտու լիներ:

Արման Գալոյան 

Նախորդ հոդվածը‘Չեմպիոնների լիգա. Քառորդ եզրափակիչում՝ ՊՍԺ-«Բարսելոնա», «Ռեալ»-«Գալաթասարայ» եւ մյուս զույգերը’
Հաջորդ հոդվածը‘Նախարարությունում ցուցարարներին խորհուրդ տվեցին հաշվել մինչեւ 100-ը’