‘Եթե Մեծ Բրիտանիան դուրս գա Եվրամիությունից…’

1447

Եվրոպական Միության կազմում մնալու խնդրի վերաբերյալ Մեծ Բրիտանիայում կայացած հանրաքվեին մասնակցած քաղաքացիների մեծ մասը կողմ է արտահայտվել Եվրամիությունից Միացյալ Թագավորության դուրս գալուն. «Brexit»-ին կողմ է քվեարկել հանրաքվեին մասնակցած բրիտանացիների 52%-ը։

Եթե քաղաքական այդ փոփոխությունը տեղի ունենա, ապա Մեծ Բրիտանիան բոլոր ոլորտներում զգալի փոփոխություններ կկրի: Տեսնենք, թե ինչ կկատարվի Անգլիայի Պրեմիեր լիգայի և բրիտանական երկրների մյուս առաջնությունների հետ: 

Մեծ Բրիտանիան իսկապե՞ս դուրս կգա Եվրամիությունից։

Առհասարակ հանրաքվեները պարտադիր իրագործման բնույթ չեն կրում․ կառավարությունը կարող է անտեսել արդյունքները՝ չնայած վարչապետ Դևիդ Քեմերոնն ի սկզբանե նշել էր, որ ընդունելու է արդյունքները: Իմանալով բոլորի համար անսպասելի արդյունքի մասին՝ Քեմերոնը հայտարարեց, որ պատրաստվում է հրաժարվել պաշտոնից: Եթե նա չփոխի որոշումը, իսկ նոր վարչապետը չորոշի անտեսել հանրաքվեի արդյունքները, կսկսվի Եվրամիությունից դուրս գալու գործընթացը: Դա կարող է երկու և ավելի տարի տևել: Քանի դեռ գործընթացը չի ավարտվել, Մեծ Բրիտանիան մնա Եվրամիության կազմում։

Եվրամիությունից դուրս գալու դեպքում արտասահմանցի ֆուտբոլիստներին գնելու կարգը կփոխվի՞։

Այո՛: Եվրամիության անդամ երկրների ազատ տեղաշարժն այլևս չի տարածվի Մեծ Բրիտանիայում: Սա նշանակում է՝ իտալացիները, ֆրանսիացիները, իսպանացիներն ու Եվրամիության անդամ մյուս երկների ներկայացուցիչները կհայտնվեն այն նույն իրավիճակում, որում Լատինական Ամերիկայի ու Աֆրիկայի ֆուտբոլիստներն են. նրանց աշխատանքի թույլատվություն անհրաժեշտ կլինի, ինչն Անգլիայում խստացված գործընթաց է:

Բացի այդ, խնդիրներ կառաջանան երիտասարդ ֆուտբոլիստների տրանսֆերների հարցում: ՖԻՖԱ-ի № 19 կանոնի համաձայն, 18 տարին չլրացած, արտասահմանցի ֆուտբոլիստների ձեռքբերումն արգելված է (նախկինում այդ խախտման համար տուժել են «Բարսելոնան», «Ռեալն» ու «Ատլետիկոն»): Բացառությունը միայն Եվրամիության անդամ երկրների համար է: Եթե Մեծ Բրիտանիան դուրս գա միությունից, ապա անգլիական ակումբները Եվրամիության անդամ երկրներից չեն կարողանա երիտասարդ ֆուտբոլիստների տրանսֆերներ գնել:

 

Եվրամիության անդամ չհանդիսացող երկրներից եկած ֆուտբոլիստների համար ի՞նչ օրենքներ են գործում այժմ։

Անգլիայում աշխատանքի թույլատվություն ստանալու համար (այս դեպքում՝ ԱՊԼ-ի ակումբներ տեղափոխվելու իրավունքի համար) աշխատանք փնտրողը մի քանի պահանջների պետք է համապատասխանի: Առաջին հերթին նա պետք է վերջին երկու տարում ազգային հավաքականի 75% խաղերին մասնակցած լինի: Երկրորդ՝ պետք է ՖԻՖԱ-ի թոփ-50 երկրներից մեկի ներկայացուցիչ լինի: Սրանք երկու պարտադիր պայմաններ են, որոնցից թեկուզ մեկի բացակայության պարագայում աշխատելու իրավունք չեն տալիս:

Այս կանոնները կարելի է անտեսել, եթե ֆուտբոլիստը կարևոր մի քանի այլ պահանջների է համապատասխանում: Դրանք բալային համակարգով են գնահատվում․

  • Գումարը, որ նոր ակումբը վճարում է ֆուտբոլիստի համար, պետք է ԱՊԼ-ի վերջին երկու տրանսֆերային պատուհանների գների 75%-ից բարձր լինի։ Դրա համար 3 միավոր է տրվում: Եթե ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը ոչ թե առաջին 25%-ի, այլ ամենաթանկ տրանսֆերների միայն առաջին կեսի մեջ է մտնում, դրա համար 2 միավոր է տրվում։
  • Ֆուտբոլիստի աշխատավարձը պետք է ավելի բարձր լինի, քան վերջին երկու տարիներին նրա խաղացած ակումբների ֆուտբոլիստների 75%-ինը: Դրա համար 3 միավոր է նախատեսված: Կամ էլ նորեկի աշխատավարձը պետք է ավելի բարձր լինի, քան իր խաղընկերների կեսինը. այդ դեպքում նա 2 միավոր կստանա:
  • Նոր ֆուտբոլիստը պետք է թոփ-առաջնությունից լինի և վերջին մրցաշրջանում դաշտում ընդհանուր ժամանակի 30%-ից պակաս անցկացրած չլինի։ Դրա համար 1 միավոր է տրվում: Կամ էլ նորեկի նախկին ակումբը պետք է միջազգային մրցաշարի մասնակից լինի, և ֆուտբոլիստը նրա կազմում 30%-ից ոչ պակաս խաղերին մասնակցած լինի․ կրկին 1 միավոր:

Թույլատվություն ստանալու համար ֆուտբոլիստը պետք է 4 կամ ավելի միավոր ստանա։ Այս ամենն արված է հիմնականում տեղացի ֆուտբոլիստներին աճելու հնարավորություն տալու համար: «Տեղացի» հասկացության մեջ նախկինում Եվրամիության անդամ բոլոր երկրների քաղաքացիներն էին, հիմա՝ Մեծ Բրիտանիայի:

Անգլիայում կա՞ն ֆուտբոլիստներ, որոնք վերոնշյալ պահանջներին չեն համապատասխանում։

Այո՛: Շատ ֆուտբոլիստներ, ովքեր եկել են Ֆրանսիայից, Իտալիայից ու այլ երկրներից, աշխատանքի թույլատվություն չէին ունենա, եթե նրանց նկատմամբ կիրառվեին վերոնշյալ պահանջները: Օրինակ՝ Դիմիտրի Պայեն, Անտոնի Մարտյալը, Գրացիանո Պելեն, Դավիդ դե Խեան․․․ Նրանք բոլորը կդադարեն համապատասխանել աշխատանքի իրավունք ունենալու պահանջներին:

 

Հնարավո՞ր է ԱՊԼի կանոններն արագ փոխվեն։

Այո՛: Ֆուտբոլիստների աշխատանքային իրավունքներն ամեն մրցաշրջանից առաջ վերանայվում են: Հնարավոր է՝ կարողանան դրանք ժամանակին մեղմել: Ռիսկային է այն, որ օտարերկրացիների աշխատանքի թույլատվություն տվող օրենքները կարող են ժամանակին չփոխվել, որովհետև դեռևս ոչ-ոք չգիտի՝ ինչով կվերջանա հանրաքվեի պատմությունն ու երբ կսկսվեն փոփոխություններ իրականացվել:

Օրինակ՝ եթե Մեծ Բրիտանիան դուրս գա Եվրամիությունից մրցաշրջանի կեսերին, ապա առաջնության ընթացքում որոշ ֆուտբոլիստներ կդադարեն համապատասխանել պահանջներին ու կկորցնեն աշխատանքը: Ընդհանուր հաշվով ԱՊԼ-ում, Չեմպիոնշիփում և շոտլանդական առաջնությունում հանդես եկող 300 ֆուտբոլիստ չի կարողանա աշխատել: Նրանց թվում են վերոնշյալ աստղերը։

Ի՞նչ սպասումներ ունենալ։

Ֆուտբոլի վերլուծաբան Կիրան Մագուայրը կարծում է, որ վատագույն փոփոխությունը, որից խուսափելն անհնարին կլինի Եվրամիությունից դուրս գալու դեպքում, ֆուտբոլիստների գնի բարձրացումն է: Նա կարծում է, որ լիգաների ղեկավարները ճկուն կլինեն ու կմեղմեն կանոններն արդեն իսկ առաջնությունում հանդես եկող եվրոպացի ֆուտբոլիստների համար, որպեսզի նրանք հարվածի տակ չընկնեն: Ֆունտի արժեքը կիջնի ու կբարձրացնի օտարերկրյա ֆուտբոլիստների տրանսֆերների գները: Բացի այդ, ինչպես արդեն նշել ենք, Մեծ Բրիտանիայում ակումբները չեն կարողանա 18-ից ցածր տարիքի ոչ բրիտանացի ֆուտբոլիստների ձեռք բերել: Առանձնահատուկ խնդիրներ են սպասում շոտլանդական ակումբներին, որոնք ավելի էժան ֆուտբոլիստների են գնում, քան անգլիացիները:

Հավելենք, որ Անգլիայի Պրեմիեր լիգայի բոլոր ակումբները դեմ են Եվրամիությունից դուրս գալու գաղափարին․ նրանք հանդես են եկել համատեղ հայտարարությամբ։

Աղբյուրները՝ Daily Mail, The Guardian, Championat:

Նախորդ հոդվածը‘Մահացել է Հրաչյա Մաթեւոսյանը’
Հաջորդ հոդվածը‘Հրապարակվել է Բունդեսլիգայի 2016-2017թթ. խաղարկության ժամանակացույցը’