‘Ելույթդ ասածիդ վնաս չի. Գրողներին ուղարկել հանրօգուտ աշխատանքների . Մամուլ’

890

Իր նախընտրական հանդիպումներից մեկի ժամանակ Սերժ Սարգսյանը խոստովանել էր՝ իր ելույթների հեղինակը ինքը չէ: «Կարծես թե նոր Ամերիկա է հայտնագործել մարդը, և նա չի հասկանում, որ լսարան հարգող ցանկացած մարդկ ունի թիմ և այդ ելույթների վրա թիմն է աշխատում, բա ո՞վ պետք է աշխատի: Ենթադրենք, ես այսօր հինգ ելույթ ունեմ, եթե ես ինքս իմ ելույթները սկսեմ գրել, էդ երբ կհասցնե՞մ այդ ելույթները գրել, հետո այդ ելույթներով հանդես գալ», — ասել էր Սարգսյանը: Քարոզարշավը, սակայն, ցույց տվեց, ոչ միայն Սերժ Սարգսյանն ինքն է ձախողել իր բանավոր ելույթներն ու ինքնաբուխ հայտարարությունները, այլև այն մարդը, կամ այն թիմը, որոնք որ գրում են Սերժ Սարգսյանի ելույթները: Սերժ Սարգսյանը, եթե մի քիչ ավելի լուրջ մոտենար քարոզարշավին, ճիշտ կաներ՝ իր ելույթները գրողին կամ գրողներին ուղարկեր ավելի հանրօգուտ մի աշխատանքի:

Ամեն գրավոր բան ելույթ չէ

Սերժ Սարգսյանը, հասկանալի է, որպես մի մարդ, ով երբեք ինքը որևէ տեքստ չի գրել, չնայած իր բանասիրական կրթությանը, քաղաքական ելույթները պետք է վստահի ուրիշների: Ըստ էության, կարևոր էլ չէ, թե ովքեր են այդ ուրիշները: Սովորական վարձու մասնագետնե՞ր, թե՞ ընտանիքի կիրթ անդամներ: Խնդիրը հենց այդ է, որ տեքստը գրում են այլ մարդիկ: Իհարկե, Սարգսյանն ասում է, որ քաղաքական գործիչների համար տեքստեր գրելը սովորական պրակտիկա է, սակայն, նա մի բան մոռանում է հավելել: Այլ երկրներում պաշտոնյաների համար գրվող տեքստերը գրվում են այնպիսի գործիչների համար, որոնց համար այդ տեքստերի բովանդակությունը օտար ու խորթ չեն, այդ մարդիկ, իրոք երբեմն չեն կարող այնքան ժամանակ ունենալ, որպեսզի բոլոր այդ տեքստերը իրենք գրեն, սակայն, իրենք այդ տեքստերի բովանդակության, տեսակետների, գաղափարների և սկզբունքների կրողն են: Սերժ Սարգսյանի պարագայում դա, մեղմ ասած, այդպես չէ, և հենց այդ պատճառով էլ ստացվում է այն, ինչ ունենք: Ինչ-որ մարդիկ գրում են տեքստեր, որոնք հենց իրենց ձեռագիրն են պարունակում: Ամեն մի տեքստը, կամ տեքստի ամեն մի հատվածն իր ձեռագիրն ունի, և դրանք այդ տեքստերի հեղինակների ձեռագրերն են, սակայն, երբ դրանք ընթերցում է մեկ այլ մարդ, որը դրանց բովանդակության հետ կապ չունի, ակնհայտ անհամադրությունը միանգամից աչք է ծակում, միանգամից ակնհայտ է դառնում, որ տեքստերն ու այդ տեքստերն ընթերցողը որևէ տրամաբանական, գաղափարական, ռացիոնալ, նույնիսկ էմոցիոնալ կապ չունեն իրար հետ:  Հենց այդ պատճառով էլ Սերժ Սարգսյանի ելույթները ոչ մի արձագանք չեն գտնում ոչ միայն ՀՀ սովորական քաղաքացիների, այլև՝ այն հանրապետականների մոտ, ովքեր մասնակցում են Սերժ Սարգսյանի նախընտրական-դահլիճային հանդիպումներին: Այո, հենց այն պատճառով, որ այդ տեքստերը արձագանք չեն գտնում Սերժ Սարգսյանի մոտ, դրանք նաև անարձագանք են թողնում դրանք լսողները:

Թարմ օրինակով

Նախօրեին Սերժ Սարգսյանը հանդիպում է ունեցել Աշտարակ քաղաքում: Ահա թե ինչեր է ասում Սարգսյանը. «…Ում և ինչպես կընտրեք՝ կախված է բացառապես ձեզնից: Ոչ ոք, բացի ձեզնից, չի կարող ընտրել այդ քաղաքացուն: Ուզում եմ, որ գիտենաք՝ վատ իշխանությունը կարող է վերարտադրել իրեն: Սակայն լավ քաղաքացի կերտել չի կարող: Քաղաքացուն կարող է ծնել գիտակից ու ակտիվ, եռանդուն, ինքնավստահ, իրար հազար ու մի թելով կապված ազատ հայաստանցիների հասարակությունը:… Ընդամենը օրեր առաջ մեր իրավապահները բացահայտեցին քաղաքական պայքարի ելած գործչի կյանքի դեմ կատարված հանցագործությունն ու ձերբակալեցին հանցագործներին: Ձեր շնորհիվ է այս գործելաոճը դարձել իրականություն. իրավապահ համակարգում փոփոխությունների ձե՛ր պահանջով, երկրում անպատժելիությունը վերացնելու ձե՛ր հետևողական պատգամով: …Ժամանակները փոխվել են: Փոխվել է երկիրը: Փոխվել եմ և ես: Հինգ տարի շարունակ որպես երկրի գերագույն գլխավոր հրամանատար մեր ջահել զավակներին խրամատ եմ ճամփել, եղել եմ նրանց կողքին, եթե ոչ ֆիզիկապես, ապա հոգով նրանց հետ եմ եղել ամեն օր: …Ես տասնյակ մահերով եմ մահացել մեր որդիների հետ և կրկին վերածնվել՝ կյանքեր փրկելու համար: …Փորձել եմ սատարել յուրաքանչյուրին, ով օգնության կանչ է հղել: Սփոփել նրանց, ում կորուստը չեմ կարողացել լրացնել: Փորձել եմ կորուստներին դիմագրավել մեր նոր համատեղ հաղթանակներով, մեր ընդհանուր ձեռքբերումներով: Ու թեև հպարտ եմ մեր միասնական ձեռքբերումներով, ուզում եմ, որ իմանաք՝ նույնքան, թերևս ավելի շատ, ցավում եմ մեր կորուստների, իմ սեփական սխալների համար, որոնք քիչ չեն եղել, և որոնց մասին ինձնից ավելի ոչ ոք չգիտի: Եվ սակայն երբեք չեմ մոռացել Էմերսոնի խոսքերը. «Մեծագույն քաջությունը երբեք չընկնելը չէ, այլ ընկնելուց հետո ամեն անգամ ոտքի ելնելը»: Եվ ահա այսօր ես ամուր կանգնած եմ: Ձեր դիմաց: Ձեր կողքին: Ձեր մեջ: ..

Եթե մերժում եք այն միտքը, թե մեր իշխանությունն այլևս պատանդ է մի քանի հարուստների ձեռքին, պիտի մասնակցեք այս ընտրություններին: Եթե ընդունում եք, որ մեր երկիրը նոր տնտեսության, լավ վարձատրվող աշխատատեղերի կարիք ունի, որ կրթությունը մեր համարձակ և ուսումնատենչ ժողովրդի լավ վաստակի, ապահով կյանքի ու իղձերի իրականացման միակ գրավականը պիտի դառնա, եթե հավատում եք, որ պիտի ապրենք արդար երկրում, որտեղ յուրաքանչյուրն ունի ապահով կյանքի հնարավորություն, որտեղ բոլորն ապրում են նույն կանոններով, ապա խնդրում եմ երեք օր անց չմնաք տանը: Գնացե՛ք ձեր ընտրության հետևից: Կերտե՛ք ձեր ապագան»:

Եւ իրականում

Սերժ Սարգսյան. «Շանսը ո՞րն ա, իմ շանսը 100-ից 90 խփեմ, 80 խփեմ, թե 60, էդ ա: Ինչքան ուզես՝ էնքան խփենք»:

 

Քրիստինե Խանումյան

«ՉԻ»

Նախորդ հոդվածը‘Հետընտրակա՞ն. Մամուլ’
Հաջորդ հոդվածը‘Սպասվում են տեղումներ’