Ելքը գտավ Արմենը

1063

Լուսանկարը՝ Գերման Ավագյանի

Պոետս, ընկերս, եղբայրս, Շիլաչիի գույնուհոտին անդավաճան տղան, ներողամիտն ու կասկածամիտը, 70–ականների մեր գրական–սրճարանային բոհեմի անխոնջ տաղանդավորը, արվեստաշխարհից դեպի պետական բարձր պաշտոններ թռած իր ընկերներին թիկունքից էլ, դիմացից էլ հեգնող, հետն էլ` խղճացող Շեկոյան Արմենը։

Անսպասելի չէր. գիտեի, որ վատառողջ է, գիտեի, որ մի օր զանգ է հնչելու, եւ մեկն ասելու է` գիտե՞ս, որ…

Գիտենալը չի փրկում, չի խնայում, չի ստիպում, որ չխոստովանես` մի գունեղ, մի պեծպեծին տվող, մի խենթուխելառ, մի շիտակ, մի անխարդախ ու տաղանդավորագույն սերունդ հեռանում է ու հեռանում, եւ նրանցից մնացած փշուրներս մոլորվել մնացել ենք ճանապարհների տակուգլխին` գիտակցելով, որ իրենց նմանն էլ չի կրկնվելու։

«Ես դեգերելով շարունակվեցի
Երկիր հորջորջվող լաբիրինթոսում:

Շարունակվում եմ անվերջ ու հոսում
անանցանելի ու մութ էս փոսում:

Շարունակվում եմ էս անլույս մթնում.
քչփորում եմ, բայց ելքը չեմ գտնում»: («Երեւան հյուրանոց», Արմեն Շեկոյան)

Ելքը գտավ Արմենը։ Գնաց։

Լիզա Ճաղարյան

Հ.Գ. Արմեն Շեկոյանը ծնվել է 1953–ի մարտի 28-ին, 1974–ին ավարտել է Երեւանի Խ. Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանի բանասիրական ֆակուլտետը: 1985–ին սովորել է Մոսկվայի Մաքսիմ Գորկու անվան գրականության ինստիտուտի գրական բարձրագույն դասընթացներում։ Աշխատել է Երեւանի բժշկական ինստիտուտում, իսկ 1976-1990––ականներին՝ «Ծիծեռնակ» ամսագրում, Գրականության ինստիտուտում, «Սովետական գրող» հրատարակչությունում, ՀՀ մշակույթի նախարարությունում: 1990-1992–ականներին եղել է «Նաիրի» հրատարակչության գլխավոր խմբագիր, 1992-1997–ականներին` Հովհ. Թումանյանի տուն-թանգարանի տնօրեն։ Գրքերից մի քանիսը` «Մետաքսի ճանապարհ», «Երեւան-հյուրանոց», «Անտիպոեզիա», «Թուղթ ու գիր», «Բախտ», «Ճոճք», «Ճամփորդ արեւը», «Անձրեւ, անձրեւ, մի արի»…

Նախորդ հոդվածըՄակրոնը դիմել է դատարան՝ իրեն Հիտլերի տեսքով պատկերելու համար
Հաջորդ հոդվածըՋրականի (Ջաբրայիլ) շրջանում հայտնաբերվել և տարհանվել է մեկ զինծառայողի աճյուն