‘
Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովում ադրբեջանական պատվիրակության`հայ գործընկերներին ձայնի իրավունքից զրկելու նախաձեռնությունը ձախողվել է: Ինչպես հայտնել են ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակությունում ԱրմԻնֆո-ի աղբյուրները, կազմակերպության Բյուրոն այսօր քննարկել է այդ նախաձեռնությունը և որոշել մերժել այն:
Նշենք, որ Ադրբեջանը դիմել էր ԵԽԽՎ Բյուրոյին`Հայաստանի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու պահանջով: Ինչպես հաղորդել էր ԱՊԱ-ն, հունիսի 22-ի երեկոյան Ստրասբուրգում տեղի է ունեցել ԵԽԽՎ Գործադիր կոմիտեի նիստը, որի ժամանակ, ի թիվս այլ հարցերի, քննարկվել է «Ադրբեջանական տարածքները զինված օկուպացիայի ներքո պահելու համար Հայաստանի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու վերաբերյալ» բանաձևի նախագիծը, որի հեղինակը ԵԽԽՎ-ում ադրբեջանական պատվիրակության անդամ Էլհան Սուլեյմանովն է: Բանաձևի նախագծում պահանջվում է պատժամիջոցներ կիրառել հայկական պատվիրակության նկատմամբ`ընդհուպ «ադրբեջանական տարածքների օկուպացիայի» դադարեցումը, ինչպես նաև զրկել վերջինիս քվեարկության իրավունքից և հեռացնել կառույցի ղեկավար մարմիններից: Համաձայն ընթացակարգի, ԵԽԽՎ Գործադիր կոմիտեն որոշել էր բանաձևի նախագիծն ուղարկել ԵԽԽՎ Բյուրո`այն քննարկելու և համապատասխան որոշում կայացնելու նպատակով: ԵԽԽՎ նախագահ Անն Բրասորն իր հերթին Ստրասբուրգում մամուլի ասուլիսի ժամանակ հաստատել էր տեղեկատվությունը, որ Վեհաժողովի Բյուրոյի նիստի օրակարգում ներառված է ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու վերաբերյալ առաջարկը: Անդրադառնալով Ադրբեջանի տարածքային ամբողջականության վերաբերյալ հարցին` ԵԽԽՎ նախագահը հայտարարել էր, որ Վեհաժողովն արդեն ասել է իր խոսքը մի քանի տարի առաջ ընդունված համապատասխան բանաձևով: «Մենք պաշտպանում ենք Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը: Բոլոր անդամ երկրների տարածքային ամբողջականությունը բացարձակ գերակայություն է: Մենք կշարունակենք աշխատել այդ հարցի ուղղությամբ»,- ասել է ԵԽԽՎ նախագահը:
‘