‘
Քիչ առաջ Փարիզում ավարտվեց Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) Բյուրոյի նիստը, որի ժամանակ Բյուրոն կարևոր որոշում կայացրեց ԵԽԽՎ գործող նախագահ Պեդրո Ագրամունտին հեռացնելու հարցով, տեղեկացնում է Aravot.am-ը:
Ըստ աղբյուրի, Բյուրոն հաստատել է հոկտեմբերի 9-ին մեկնարկող` ԵԽԽՎ աշնանային նստաշրջանի օրակարգը, և հենց առաջին օրը նիստի բացումից հետո նախատեսվում է Պեդրո Ագրամունտին անվստահություն հայտնելու բանաձևի քվեարկություն. «Նախորդ անգամ քվեարկություն չկազմակերպվեց, քանի որ ԵԽԽՎ –ի պատվիրակները, որոնք նախաձեռնել էին և ովքեր շահագրգիռ էին գործընթացը տրամաբանական ավարտին հասցնել, այն ժամանակ ներկայացրին քարտուղարություն, որ քվեարկությունը նախատեսվի հենց հոկտեմբերյան նստաշրջանի առաջին օրը` հաշվի առնելով այն հանգամանքը, որ պետք է որակյալ մեծամասնությամբ տեղի ունենա այդ քվեարկությունը: Պահանջվում է, որ քվեարկությանը մասնակցի նվազագույնը 102 հոգի, և երկու երրորդը պետք է կողմ քվեարկի անվստահություն հայտնելուն: Երբ անվստահություն կհայտնեն Ագրամունտին, նրա պարտականությունների անցումը կվերապահվի տարիքով ավագ փոխնախագահին: Իսկ ԵԽԽՎ նոր նախագահը կընտրվի հունվարյան նստաշրջանին», — ասել է ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության ղեկավար, ԱԺ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը:
Պեդրո Ագրամունտը ԵԽԽՎ-ում եւ Իսպանիայում սուր քննադատության թիրախ դարձավ այն բանից հետո, երբ լրագրողական հետաքննության արդյունքում պարզ դարձավ, որ նա մի շարք այլ խորհրդարանականների հետ միասին ներքաշված է կոռուպցիոն գործարքների մեջ: Նա, մասնավորապես, Ադրբեջանի ղեկավարությունից գումարներ է ստացել՝ այդ երկրի նկատմամբ իր դիրքորոշումները համաձայնեցնելու պայմանով:
‘