‘ԵԽԽՎ-ում քննարկվել է Սաֆարովի հարցը ‘

978

ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության նախագահ Դավիթ Հարությունյանն այսօր՝ հոկտեմբերի 9-ին, լուսաբանեց ՀՀ ԱԺ պատվիրակության կողմից ԵԽԽՎ 2012 թվականի նստաշրջանում կատարված աշխատանքները:

«Պատվիրակությունն ակտիվորեն մասնակցել է նիստերին: Նշեմ, որ մենք դարձյալ ներկայացված ենք բյուրոյում՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ հաջորդ տարի Նախարարների կոմիտեն ղեկավարելու է Հայաստանը: Հենց այդ հիմնավորումով մենք երկու նստաշրջան լինելու ենք բյուրոյի կազմում, ինչը և մեզ հնարավորություն ընձեռեց խոսել նաև Սաֆարովի գործի մասին, թեպետ բյուրոյում որոշակի ընդդիմություն կար այդ հարցի նկատմամբ: Որոշ անդամներ դեմ էին քննարկում անցկացնելուն, սակայն վերջապես հաջողվեց քվեարկությամբ հաղթահարել այդ  պատնեշը, և բյուրոն որոշեց ընթացիկ քննարկման ներկայացնել Սաֆարովի հարցը», — ասաց Դավիթ Հարությունյանը:

Նրա փոխանցմամբ՝ պատվիրակության չորս անդամներ ներկայացրին իրենց դիրքորոշումը Սաֆարովի արտահանձնման վերաբերյալ:

«Նախապես պայմանավորվել էինք, թե ինչ շեշտադրումներ պետք է կատարենք մեր ելույթներում, որպեսզի կրկնություն չլինի: Ադրբեջանցիները նույնպես ելույթներ ունեցան՝ փորձելով ցուգահեռներ տանել Վարուժան Կարապետյանի դեպքի հետ, նշեցին մի շարք մտացածին դեպքեր: Այնուամենայնիվ, պատվիրակությունների անդամներից շատերը  պաշտպանեցին մեր դիրքորոշումն առ այն, որ խոսքը չի վերաբերում հակամարտությանը, այլ բացառապես այլատյացությանը՝ քսենոֆոբիային, մասնավորապես հայատյացությանը, որը սերմանում է Ադրբեջանը», — տեղեկացրեց պատվիրակության նախագահը և հավելեց, թե հունգարացի շատ գործընկերներ նույնպես հանդես եկան ելույթներով, որոնցից երկուսը նույնիսկ ընդունեցին Հունգարիայի կառավարության լուրջը սխալը:

Նախորդ հոդվածը‘ԼՂՀ վարչապետն այցելել է Կովսական, որտեղ նաեւ սիրիահայեր են ապրում ‘
Հաջորդ հոդվածը‘Վարդան Օսկանյան. Ընտրելու ենք ոչ թե անձի, այլ Հայաստանի ապագան’