‘
Հոկտեմբերի 21-ին ՀՀ ԱԳ նախարար, ԵԽ նախարարների կոմիտեի նախագահ Էդվարդ Նալբանդյանը և ԵԽ գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդը Երևանում կբացեն «Պայքար Եվրոպայում խտրականության, այլատյացության և անհանդուրժողականության դեմ» բարձրաստիճան խորհրդաժողովը:
Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը հաղորդեցին ԱԳՆ մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից, խորհրդաժողովը տեղի է ունենալու Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեում Հայաստանի նախագահության շրջանակներում: Ներկա կլինեն պետական պաշտոնյաներ, միջազգային և անկախ փորձագետներ, միջազգային կազմակերպությունների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ: Խորհրդաժողովի ընթացքում մասնակիցները հնարավորություն կունենան քննարկել ռասիզմը և քսենոֆոբիան քաղաքական դիսկուրսում, ռասայական և էթնիկ խտրականության դեմ պայքարում մարդու իրավունքների ինստիտուտների դերը, ինչպես նաև ԶԼՄ-ներում և սոցիալական ցանցերում ատելության խոսքի և ռասայական կարծրատիպերի դեմ պայքարին վերաբերող հարցեր:
‘