‘ԵԽ ղեկավարը սպառնացել է «խստորեն պատժել» սեռական ոտնձգությունների համար’

2643

Եվրախորհրդարանի նախագահ Անտոնիո Տայանին պատգամավորներին սպառնացել է «խստագույնս պատժել» սեռական ոտնձգությունների համար՝ ԵԽ-ի գրասենյակային աշխատակիցներին կոչ անելով անհապաղ տեղյակ պահել խորհրդարանի վարչակազմին ժողովրդի ընտրյալների «անպարկեշտ վարքագծի» դեպքերի մասին:

ԵԽ-ն հինգշաբթի Ստրասբուրգում, լիագումար նիստում, բանաձև է ընդունել, որով համաժողովի նախագահից և վարչակազմից պահանջում է «հետաքննել ԶԼՄ-ների բացահայտած սեռական բռնության դեպքերը»:

Բանաձևը պատրաստվել է Հոլիվուդում վերջերս բացահայտված սեռական բռնությունների դեպքերի համատեքստում եվրոպական ԶԼՄ-ներում  Եվրախորհրդարանի պատգամավորների սեռական ոտնձգությունների մասին հրապարակումների փաստերի հիման վրա: Այսպես, եվրոպական Politico թերթը տեղեկացրել է, որ մի քանի տասնյակ կանանց ու տղամարդկանց վկայություններն ունի եվրախորհրդարանականների կողմից իրենց նկատմամբ «անպարկեշտ պահվածքի» մասին: Չորեքշաբթի այդ թեմայի շրջանակներում ելույթ ունենալով Եվրախորհրդարանում՝ Մեծ Բրիտանիայից պատգամավոր Մարգո Փարքերը հաղորդել է 15 եվրախորհրդարանականների մասին, որոնք կասկածվում են սեռական ոտնձգությունների մեջ, և պահանջել է հրապարակել նրանց անունները:

Բացի այդ՝ բանաձևը կոչ է անում «ԵՄ անդամ երկրներին՝ ուսումնասիրել ազգային խորհրդարաններում սեռական ոտնձգությունների հետ կապված իրավիճակը և ակտիվ միջոցներ ձեռք առնել՝ պայքարելու դրանց դեմ»:

Փոխանցում է ria.ru-ն:

 

Նախորդ հոդվածը‘ՔԴԿ. Բարզանին ԱՄՆ-ի ճնշման տակ մնաց Քրդստանի ղեկին’
Հաջորդ հոդվածը‘«Վերջին բնակիչը» ֆիլմը հաղթել է Սկանդինավյան կինոփառատոնի 2 անվանակարգում’