‘ԵԽ նախագահ. Մարտի 1-ի էջը փակված չէ ‘

1538

Եվրոպական Խորհրդի նախագահ Հերման վան Ռոմպոյը պատասխանել է իր հայաստանյան այցի ժամանակ ՀՀ ԱԺ-ում իրեն հղված գրավոր հարցումներին:

Ռոմպոյը պատասխանել է Կոնգրեսի, ՀՀԿ-ի, ԲՀԿ-ի, ՕԵԿ-ի հարցերին: Հայ ազգային Կոնգրեսի պաշտոնական կայքում հրապարակվել է Կոնգրեսի խմբակցության նախագահ Լեւոն Զուրաբյանի հարցի պաշտոնական պատասխանը, որտեղ Զուրաբյանի` մարտի 1-ին առնչվող հարցին Ռոմպոյն հստակ պատասխան է տվել` ասելով, որ մարտի 1-ի էջը չի կարելի փակված համարել: Հիշեցնենք, որ իր նամակում Զուրաբյանը գրել էր, որ 2008-ի մարտի 1-ին իշխանությունները դիմեցին ուժի կիրառմանը` նպատակ ունենալով բռնությամբ ցրելու ընտրությունների կեղծման դեմ բողոքի խաղաղ ցուցի դուրս եկած հարյուր հազարավոր մարդկանց: «Իշխանությունների կողմից հրազենի կիրառման հետեւանքով զոհվեց 10 մարդ, հարյուրավոր մարդիկ վիրավորվեցին: ԵՄ-ն դեպքերից անմիջապես հետո, 2008-ի մարտի 4-ին եւ 12-ին, հայտարարություններ արեց, պահանջելով սպանությունների անաչառ քննություն: Սակայն մինչեւ օրս, դեպքերից ավելի քան չորս տարի հետո, մարտիմեկյան սպանությունները բացահայտված չեն, որեւէ մեկին սպանությունների առնչությամբ մեղադրանք չի առաջադրված: Արդյո՞ք ԵՄ-ն մտադիր է հետեւողականորեն պահանջել վերը նշված հայտարարություններում, ինչպես նաեւ ԵՄ այլ փաստաթղթերում առաջադրված պահանջների կատարումը` մարտիմեկյան սպանությունները բացահայտելու վերաբերյալ»,- իր նամակում գրել էր Զուրաբյանը: Ի պատասխան Զուրաբյանի նամակի Ռոմպոյը գրել է, որ ԵՄ-ն միջազգային եւ տեղական կազմակերպությունների հետ համատեղ, մեկ անգամ չէ, որ արտահայտել է իր լուրջ անհանգստությունը` 2008-ի մարտյան դեպքերի ժամանակ տեղի ունեցած 10 սպանությունների հետաքննության բացակայության կապակցությամբ: «Ցավոք, մենք տեսնում ենք, որ այդ ողբերգական սպանությունների հետաքննությունը մինչ այսօր կոնկրետ արդյունքեր չի տվել: Ուստի, Հայաստանը դեռ ամբողջությամբ չի փակել  2008-ի մարտի 1-ից հետո առաջացած հետընտրական ճգնաժամի էջը»,- գրված է նամակում: Ռոմպոյը նաեւ նշել է, որ ԵՄ-ն ուշադրությամբ հետեւում է ԵԱՀԿ-ի, ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի` 2008-ի դեպքերին առնչվող դատավարությունների մոնիթորինգի արդյունքում հրապարակված զեկույցում մատնանշված ռեկոմենդացիաների կատարմանը, որոնք լուրջ մտահոգության տեղիք են տալիս, մասնավորապես, մեղադրյալների արդար դատավարության եւ ազատության իրավունքը: 2012-ի մայիսի 15-ին հրապարակված Հայաստանին վերաբերվող ԵՄ-ի տարեկան զեկույցում ԵՄ-ն նորից առջարկել է Հայաստանին լիակատար հետաքննություն իրականացնել 2008-ի մարտյան դեպքերի ժամանակ տեղի ունեցած մահվան դեպքերի, ոստիկանությունում իրականացված բռնությունների ու պրոցեսուալ նորմերի խախտումների մասին պնդումների կապակցությամբ: Այդ հարցը նաեւ ԵՄ-Հայաստան մարդու իրավունքներին անռչվող երկխոսության առարկա է հանդիսանում:

«Ես անձամբ կոչ եմ անում Հայաստանի իշխանությունների ավարտին հասցնել տաս մահվան դեպքերի հետաքննությունը եւ համատասխան միջոցներ ձեռնարկել բոլոր մեղավորներին Մարդու իրավունքների Եվրոպական դատարանի նախադեպային իրավունքում ներկայացված արդյունավետ քննության չափանիշներին համապատախան պատասխանատվութան ենթարկելու համար: Հասարակության համար կարեւոր նշանակություն ունի հետաքննության ընթացքի եւ արդյունքների մասին տեղեկացված լինելը»,- գրել է Ռոմպոյը: 

Նախորդ հոդվածը‘ԵԽ նախագահ. Անընդունելի է, երբ մարդասպանին ընկալում են որպես հերոսի ‘
Հաջորդ հոդվածը‘Հենրիխ Մխիթարյան. Դեռ վաղ է խոսել «Շախտյորի» չեմպիոնության մասին ‘