‘Եկեղեցու հովիվը վարորդի հետ առևտրականներից գումար է գանձում. Մամուլ’

1288

«Թվում է՝ եկեղեցին պետք է կարիքավորներին, սոցիալապես անապահովներին ձեռք մեկնի, բայց մեր եկեղեցին ոչնչով չի տարբերվում ժողովրդին հարստահարող աշխարհիկ իշխանությունից»,-գրում է «Հրապարակը» և հավելում.

«Խմբագրություն դիմած քաղաքացին «Այրարատ» կինոթատրոնի դիմացի մայթին՝ եկեղեցու մոտ, տարիներ շարունակ առևտուր է անում: Այստեղ ամեն ինչ կա՝ ծաղիկ, շահումով խաղեր, բջջայինների լիցքավորման քարտեր, զովացուցիչ ջրեր: Երբ Սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին սկսեց գործել, այստեղ սկսեցին տեր ու տնօրինություն անել հոգևորականները: Մեզ այցելած անձը պատմեց, որ եկեղեցու հոգևոր հովվի վարորդը կամ օգնականն է հիմա «տարածքը նայում»՝ Գևորգ անունով: Նա շրջում է տարածքում և գանձում իր «հասանելիքը»:

Բացատրությունն այն է, որ սա եկեղեցու տարածքն է, և այստեղ առևտուր անողները կամ պետք է մուծվեն, կամ հեռանան: Վճարման գնացուցակը տարբեր է՝ կախված զբաղեցրած մետրերից, առևտրի տեսակից և օրացույցից: Ասենք՝ տոն օրերին ծաղիկ կամ մոմ վաճառողների «հարկը» բարձրանում է՝ ենթադրում են, որ եկամուտն այդ օրերին ավելին է, քան սովորական օրերին: Այնպես որ, գումարը կազմում է 500-5000 դրամ:

Երբեմն Գևորգի հետ շրջագայության է դուրս գալիս նաև հովիվը, որպեսզի առևտրականները տեսնեն, որ նա ինքնագլուխ չէ, որ գանձած գումարները գնում են եկեղեցու «կարիքներին»: Մենք հետաքրքրվեցինք՝ չե՞ք փորձել հրաժարվել այդ անօրինական գումարները վճարելուց: «Դե, իրենց տարածքն է՝ կհանեն, ստիպված վճարում ենք: Բայց համ ոստիկանին ենք վճարում, համ քաղաքապետարանին, սա էլ որ գումարվում է՝ տակը բան չի մնում»,- եղավ պատասխանը»:

Նախորդ հոդվածը‘Այնպիսի մարդիկ են գյուղից մեկնել ՌԴ, որ այդ երկրի տեղը չգիտեին. Մամուլ’
Հաջորդ հոդվածը‘Անպատիժ ու լկտի. Մամուլ’