‘Եկեք դառնանք Սպարտա (տեսանյութ)’

1401

Վերջին շրջանի իրադարձությունները, Ղարաբաղյան հակամարտության սրումը՝ Ադրբեջանի դավադիր հարձակման պատճառով, և այս մի քանի օրվա պատերազմը՝ իսկ դա իրոք պատերազմ էր, մեզ շատ բան սովորեցրեցին:

Նորից հաղթեցինք՝ ոչ թե ստրատեգիական գործընկերների կամ թանկարժեք ժամանակակից սպառազինությունների շնորհիվ, և ոչ էլ մեր դիվանագիտության ճկուն մտքի կամ հատուկ ծառայությունների հնարամտության ու զգոնության, այլ մեր միասնականության և մեր ազգի հերոս անձնվեր զավակների սուրբ արյան շնորհիվ:
Կարծես ազգովի արթնացանք և հիշեցինք՝ թե ովքեր ենք:

Չէ՞ որ մենք ունեցել ենք Ավարայր, Սարդարապատ և մի շարք այլ, անհնարին թվացող հաղթանակներ, մենք մի ծաղկով գարուն ենք բերել, մենք մեր հզոր, լեգենդար նախնիների արժանի սերունդներն ենք:
Ասում են ՝ չկա չարիք առանց բարիքի` մեզ պարտադրված այս պատերազմը, չնայած ցավալի զոհերին (իսկ ափսոս է մեր  զինվորի թափված արյան ամեն մի կաթիլ), մեզ շատ բան տվեց նաև՝ ինքնագնահատման և հաստատման առումով:

Թեև դեռ շատ տեղ ունենք փոխվելու, այսպես ասած ճիշտ էվոլյուցիա ապրելու, որ գոյատևենք թշնամական ծովում՝ 21րդ դարի պայմանների ու պահանջների ներքո:
Դեռ հույս ունեինք՝ միջազգային ատյանների օգնությանը հասնելու, նրանց անաչառությունը տեսնելու, կարծում էինք, թե ՄԱԿ-ն իր ամբիոնից վրդովված ելույթներ կհնչեցնի և օգնություն կցուցաբերի մեր անմեղ, հերթական անգամ ագրեսիայի ենթարկված ժողովրդին,
ԵԱՀԿ-ն էլ անգործ չի մնա, Ռուսաստանը՝ իբրև ստրատեգիական գործընկեր՝ մեր մեջքին կանգնած, Կարմիր Խաչն, ի վերջո, որ ականատես էր եղել ադրբեջանցիների կողմից մեր խոշտանգված զինվորների մարմինները հանձնելուն:

Բայց… պիտի մոռանանք այդ հույսը, այն կարող է պարզապես վտանգավոր, եթե ոչ կործանիչ լինել մեր պետականության համար, մեր գոյության իսկ համար:
Քաջ գիտակցում ենք արդեն, որ սա լոկ տարածքային, Ղարաբաղին առընչվող կոնֆլիկտ չէ, սա մեր լինել-չլինելու հարցն է, մեր թշնամիները՝ իրենց նավթադոլարներով և բազմա-բազում դաշնակիցներով ձգտում են մեր իսպառ ոչնչացմանը-վերացմանը որպես ազգ՝ քարտեզի վրայից և մարդկային պատմությունից:

Ուստի պետք է սթափ մտածենք և ճիշտ դասեր քաղենք:
Պետք չէ ողբալ, թեև Ցեղասպանություն ապրած և խրոնիկ բնաջնջումների ենթարկված, մենք կռվող ազգ ենք, հերոսաբար կռվող, աշխարհին հայտնի:
Եկեք վերջ դնենք դուրս նայելուն՝ հուսով լի աչքերով և վերադարձնենք այդ հայացքը ինքներս մեզ:

Մենք չունենք ռազմական դաշնակիցներ՝ հայի իսկական և միակ ռազմական դաշնակիցը կարող է լինել միայ հայը, պարզապես առհավետ հիշենք սա:

Միջազգային ատյանները բազմակողմ մանիպուլյացիաների ենթարկվող պայմանական մարմիններ են, ոչ ոք երբևէ դրանցում արդարություն չի գտել:
Ասում են՝ եթե չես գտնում արդարությունը՝ պետք է ստեղծես այն:

Եկեք կերտենք մեր սուրբ արդարությունը՝ ապացուցելով, որ մեր ազգի լուսավոր զավակների զոհողությունը իզուր չէր:

Եկեք դառնանք ամուր, հզոր, ռազմական պետություն, որ ոչ միայն օգնության կարիք չունենա, այլ ընդհակառակը՝ նրանից օգնություն հայցեն, որ ոչ թե փնտրի աջակիցներ, այլ նրանից դաշինքներ խնդրեն, որից ոչ թե զգուշանան, այլ վախենան, սարսափեն թշնամիները (իսկ դրանք միշտ էլ կլինեն), որի անունն իսկ ահ ու դող, ու, ամենակարևորը, հարգանք ներշնչի ի սփյուռ աշխարհի:
Եկեք դառնանք Սպարտա:

Շատ կարծիքներ լսվեցին այս օրերին՝ իբր մենք առանց դաշնակիցների, ռուսների օգնության չենք գոյատևի, ադրբեջանցիները 9 մլն․ են, իսկ մենք՝ միայն 3, Թուրքիան էլ դեռ մյուս կողմից, և այսպես շարունակ:
Եկենք հերքենք այս մոլորությունները:
Նախ ունենք 10 մլն ավելի Սփյուռք, ինչ ձևով էլ աջակցեն՝ էլի շնորհակալ ենք, իսկ այն փաստը, որ մինչ օրս գոյատևել ենք, չենք գնացել պատմության գիրկը՝ Ասորեստանի և անցյալի այլ հզոր տերությունների նման, միայն և միայն մեր շնորհքն է եղել, այլ ոչ թե ինչ-որ առասպելական, միշտ օգնության հասնող դաշնակիցների:

Դարերի ընթացքում փոխվել են մեր ոսոխները, բայց մենք կանք ու կնմնանք, որովհետև մեզանից է, մեր շնորհիվ է, որովհետև մեր արյունը հատուկ արյուն է, և վերջերս Արցախում զոհված հերոսները դրա վառ ապացույցն են:

Ինչու Սպարտա՞: Արժեր հիշատակել որոշակի տվյալներ:
Իր գոյության ու փառքի օրոք Սպարտան եղել է ընդամենը 8,000 քառակուսի կիլոմետր, բնակչությունը՝ 200,000, որից ակտիվ բանակը կազմել է ամենաշատը 20-30,000:
 Բայց դրանք եղել են բացառիկ զինվորներ, որոնք լսելով թշնամու մոտեցման մասին, չեն հարցրել, թե քանի հոգի են, այլ միայն՝ որտեղ են թշնամիները:
Սպարտայի երեխաները ծնվելու պահից իսկ մեծացել են որպես զինվոր, անհաղթ մարտիկ, միշտ պատրաստ ապագա ճակատամարտերին ու փառքին:
Նրանք առաջին հերթին պատկանել են իրենց Հայրենիքին, և նոր միայն ծնողներին, ընտանիքին:
Հերոսական, անձնազոհ, անվախ ոգին կերտվել ու քաջալերվել է վաղ մանկությունից:
Այս 30,000ը ահ ու սարսափի մեջ են պահել ոչ միայն ամբողջ հունական ու քաղաքակիփթ աշխարհը, այլև 3 մլն հասնող պարսկական հզոր բանակը:
Այնպես որ եկեք թույլ չտանք, որ սրանից հետո թվերը մեզ տագնապի մատնեն:

Մեկ այլ վառ օրինակ է Իսրայել պատությունը՝ փոքր, թշնամիներով շրջապատված՝ լինելով ուժեղ, հզոր, ունենալով ամենամարտունակ բանակներից մեկը:

Սպարտայի օրինակը մտքում ունենալով, պետք է հիշենք՝ քանի որ մենք 21րդ դարում ենք ապրում, որոշ ճշտումներ են պետք: Նախ, առաջին հերթին, առավելության հասնելու համար, եթե քանակով չենք գերակշռում, պետք է հաղթենք որակով, և խոսքը հայ զինվորների քաջության մասին չէ, դրանում մենք արդեն բազմիցս համոզվեցինք, պարզապես պարտավոր ենք ունենալ ամենավերջին սերնդի հզոր ռազմական տեխնիկա և ռազմամթերք, սա հացից էլ կարևոր է:
Իսկ երկրորդը՝ հզոր հատուկ ծառայություններ․նորից կարելի է նայել Իսրայելին, իրենք չեն էլ հերքում, որ իրենց պետությունը կայացել է հատուկ ծառայությունների և հզոր ռազմական հետախուզության հիմքի վրա: Ի դեպ այդ ծառայությունները, մասնավորապես Մոսսադը, այնքան հզորն են, որ նրանցից խորհուրդ և օգնություն են հայցում ժամանակակից գերտերությունները, նույնիսկ ԱՄՆ: Սա ինքնին բավական խոսուն փաստ է:
Եթե մենք կարողանանք ճիշտ հիմքի վրա դնել և զարգացնել այս կարևորագույն ֆակտորները՝ մեզ հավասարը պարզապես չի լինի մեր տարածաշրջանում:

Եթե կրկին քանակից բողոքողներ կան՝ թող մեր աղջիկներն էլ գնան ծառայելու, շատ հայ աղջիկներից լսել եմ, որ կգնային կամավոր, բայց ընդունված պրակտիկա չէ, չգիտեն՝ ինչպես դա կարելի է անել: Չնայած դրան հերոս կին ազատամարտիկներ քիչ չենք ունեցել:

Մեր ունեցած մարդկային ռեսուրսը ամենա որակովն ու թանկն է, պարզապես մենք պիտի սովորենք այն ճիշտ ձևով օգտագործել՝ հանուն մեր Հայրենիքի:

Սպարտայում պատերազմ գնացող զավակին մայրը, տալով զրահն, ասում էր՝ որդիս, կամ սրանով (այսինքն հաղթանակած), կամ սրա վրա (այսինքն քաջարի զոհված):
Զրահը կորցնել, հանձնվել համարվում էր մեծագույն հանցանք և խայտառակություն:
Այս հոգեբանությունն ու արժեքները լրիվ համապատասխանում են մեր զինվորների վարքագծին: Ինչքան ենք լսել՝ սպառազինությունը վերջացել էր, ինքն իրեն պայթեցրեց՝ թշնամիների հետ միասին, կամ՝ իր կյանքը զոհեց՝ ընկերներին փրկելու համար․․․

Եկեք դառնանք ուժեղ ռազմական պետություն, անառիկ ամրոց, իր վրա հույս դնող անդրկովկասյան անկոտրում ժայռ, ոչ մի զիջումների ու սադրանքների չգնացող հզոր երկիր, ու կտեսնեք, թե ինչպես կփոխվի մեր նկատմամբ վերաբերմունքը՝ թե միջազգային հանրության կողմից, թե մեր՝ այսպես կոչված ստրատեգիական դաշնակիցների, թե մեր հակառակորդների:
Բայց ամենակարևորը, որ այդ ժամանակ մեզ համար արդեն հետաքրքիր չի լինի ոչ ոքի կարծիքը:

Մենք ոչ ոքի ոչնչով պարտավոր չենք, հերիք է անվերջ շնորհակալություն հայտնենք և լինենք քաղաքավարի ազգ:
Մենք պարտավոր ենք միայն մեր նախնիներին; մեր հերոսներին, որ առանց հրաժեշտ տալու, իմացյալ մահով գնացին դեպի անմահություն; ու պարտավոր ենք այն հերոսների սերնդին, որ դեռ պիտի գա: Միայն նրանց, ուրիշ ոչ ոքի:
Իսկ երբ կհամարձակվեն մեր առջև խոսել զիջումների մասին, արժե հիշել այն խոսքերը, որ ոչ մի դեպքում չի կարելի զիջել քո հողը, մանավանդ այն հողը, որի վրա թափվել է երազանքներ ունեցող զինվորի արյուն,
քանի որ այդ պահից այդ հողը դառնում է Սուրբ Հայրենիք:

Չմոռանանք Սպարտայի լեգենդար թագավոր Լեոնիդասին, ով իր 300 հերոս զինվորներով կասեցրեց ամբողջ հսկայական պարսկական բանակի ընթացքը՝ գնալով գիտակցական մահվան․ բնականաբար նրանք բոլորն էլ զոհվեցին, բայց իրենց հերոսական պայքարով հետաձգեցին թշնամու առաջխաղացումը, ինչը թույլ տվեց մյուս հունական պոլիսներին, մասնավորապես Աթենքին, համախմբել ուժերը և ջախջախիչ պարտության մատնել պարսիկներին․ Հունաստանում բոլորն էլ գիտեին, որ միայն Սպարտան էր ի զորու գնալու նման սխրանքի․․․
Կարելի է բազմաթիվ զուգահեռներ անցկացնել, քիչ չեն դեպքերը, երբ հայ զինվորները՝ կռվելով նույնիսկ ոչ թե մեր, այլ ռուսական բանակի կազմում, կամ ֆրանսիական լեգիոնում, աննկարագրելի սխրանքներ են գործել, գիտակցաբար գնացել անձնազոհության՝ օգնելով մյուսներին հասնելու փայլուն, անհնարին թվացող հաղթանակների՝ համաշխարհային փառք բերելով հայ զինվորի կերպարին:
Երբեք պետք չէ մոռանալ, թե մենք ովքեր ենք և որտեղից ենք գալիս:

Փնտրում էինք արտաքին օգնություն, ըմբռնում, դաշնակիցներ, իսկ գտանք ինքներս մեզ:

Եկեք այսուհետ մեզ երբեք չկորցնենք, մեզ ներսից կառուցենք, կոփենք, ֆինանսավորենք, պատրաստենք, որ ոչ թե հաղթենք պատերազմում, այլ որ մեր ներշնչած հարգանքն ու սարսափն այնքան մեծ լինեն, որ ոչ ոքի մտքով անգամ չանցնի հանդգնել պատերազմ սկսել մեր դեմ:
Եկեք դառնանք Սպարտա:

Ա․Նազլոյան

Նախորդ հոդվածը‘Երկու վիրավորների մոտ կա դրական տեղաշարժ’
Հաջորդ հոդվածը‘ԼՂՀ ՊԲ հորդորը լրագրողներին’