‘Եղիսաբեթ II շքանշան է շնորհել կանադահայ համայնքի հոգևոր առաջնորդին’

876

Հունվարի 6-ին՝ Սուրբ Ծննդի օրը, Կանադայի Հայ առաքելական եկեղեցու հոգևոր առաջնորդ Բագրատ եպիսկոպոս Գալստանյանին շնորհվեց Եղիսաբեթ Բ թագուհու ադամանդե հոբելյանական շքանշանը: Այս մասին panarmenian.net-ին հայտնել են Կանադայի Առաջնորդարանի մամուլի դիվանից:

«Մենք ուրախ ենք, որ մեր հոգևոր Առաջնորդն այսպիսի հեղինակավոր գնահատականի արժանացավ», — ասաց ՀԲԸՄ Ալեք Մանուկյան վարժարանի տնօրեն Շահե Թանաշյան:

Շքանշանը Բագրատ սրբազանին հանձնեցին խորհրդարանի պատգամավոր Ալեքսանդր Բուլերիսն ու Առաջնորդարանի պետական հարաբերությունների գրասենյակի տնօրեն Հակոբ սարկավագ Արսլանյանը:

Շքանշանը շնորհվեց սրբազանի նվիրյալ ծառայության և համայնքի ու համականադական հասարակության կյանքում ունեցած մեծ ավանդի համար:

«Այս շքանշանն ընդունում եմ ամբողջ կանադահայության անունից ու նվիրում եմ իմ ժողովրդին, ով մեծ վաստակ ունի այս երկրի կյանքում՝ նպաստելով ավելի պայծառ և առողջ հասարակության ստեղծման գործին», — իր շնորհակալական խոսքում նշեց Բագրատ սրբազանը:

Նախորդ հոդվածը‘Սուրեն Մկրտչյան. Կրասնոժանին հեռացրել են նահանգապետի համաձայնությամբ’
Հաջորդ հոդվածը‘Ոստիկանություն. Հայրը սպանել է որդուն’