‘
Սաուդյան Արաբիայի և նրա դաշնակիցների կողմից Եմենի ռմբակոծումը կհանգեցնի ավելի մեծ ապակայունացման այդ երկրում և նրան կարող է ներքաշել երկարատև ու արյունալի քաղաքացիական պատերազմի մեջ: Նման նախազգուշացմամբ է հանդես եկել ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ Գոլյամալի Հոշրուն Անվտանգության խորհրդին ուղղված նամակում, որը միջազգային կառույցի կայքում հրապարակվել է հինգշաբթի:
Դիվանագետը հիշեցրել է, որ օտարերկրյա ռազմական ինտերվենցիան, ըստ էության՝ «երբեք չի նպաստել որևէ վեճի կարգավորման հարցում, և Եմենի գնդակոծումը բացառություն չի լինի»: «Ռմբակոծություններն է՛լ ավելի կապակայունացնեն իրավիճակը և կարող են հանգեցնել երկարատև ու արյունալի քաղաքացիական պատերազմի: Եթե ռմբակոծությունները չդադարեցվեն, դրանք Եմենի ժողովրդին միան երկարատև տառապանքներ կբերեն»,- գրել է Հոշրուն: Նրա խոսքով՝ ավիահարվածներից օգուտ կքաղեն միայն «Ալ-Քաիդան»՝ Սաուդյան թերակղզում, «Իսլամական պետությունը» և այլ ահաբեկչական խմբավորումներ:
Դիվանագետը նաև հերքել է Թեհրանի հասցեին հնչող մեղադրանքները՝ հակամարտությանը միջամտելու վերաբերյալ՝ հայտարարելով, թե «դրանք թխվում են, որպեսզի ուշադրությունը շեղեն այն սխալ և ձախողակ քաղաքականությունից, որը հանգեցրել է Եմենում ներկայիս քաղաքական և հումանիտար ճգնաժամին»: Նա շեշտել է, որ ճգնաժամի կարգավորման միակ «պատասխանատու քայլը» կլինի «ռմբակոծությունների անհապաղ դադարեցումը և քաղաքական որոշումներ կայացնելու իրական ձգտումը»՝ Եմենի ինքնիշխանության, անկախության և տարածքային ամբողջականության նկատմամբ հարգանք դրսևորելու պայմանով: Փոխանցում է ТАСС-ը:
‘