‘ԵՄ ԱԳ նախարարները կքննարկեն իրավիճակը Ուկրաինայում’

697

Եվրամիության անդամ պետությունների արտաքին գործերի նախարարները հինգշաբթի օրը Բրյուսելում կքննարկեն Ուկրաինայում ստեղծված կացությունը: Օրակարգային գլխավոր հարցը ուկրաինական իշխանությունների դեմ պատժամիջոցների կիրառման հնարավորությունն է: 
«Ազատություն» ռադիոկայանի հաղորդմամբ, Կիևի կենտրոնում տեղի ունեցած կատաղի բախումներից հետո այս մասին առավել ակտիվորեն սկսեցին խոսել հատկապես Լեհաստանի և Ֆրանսիայի ղեկավարները:
Փարիզում լրագրողների հետ զրույցի ժամանակ Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Լորան Ֆաբիուսը երեկ նկատում էր․ — «Այն, ինչի ականատեսն ենք, ահավոր մի իրավիճակ է: 25 զոհ, հարյուրավոր վիրավորներ, և սա՝ մեզանից ընդամենը մի քանի հարյուր կիլոմետր հեռավորության վրա: Անհրաժեշտ է հստակ որոշում կայացնել, հնարավոր չէ այս ամենն անտարբերության մատնել: Հավատացնում եմ ձեզ` Ֆրանսիան գործելու է»:
Թե ինչ տեսք կարող են ստանալ Ուկրաինայի դեմ կիրառվող պատժամիջոցները` Վարշավայում, Լեհաստանի խորհրդարանի լիագումար նիստի ընթացքում ունեցած ելույթում հստակեցրեց Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը:
«Պատժամիջոցները պետք է ներազդեն այն անձանց վրա, ովքեր անմիջական պատասխանատվություն են կրում Ուկրաինայում տեղի ունեցած ողբերգության համար: Խոսքը նախևառաջ կոնկրետ անհատների դեմ ուղղված, ինչպես նաև ֆինանսական բնույթի պատժամիջոցների մասին է», — նշում էր Տուսկը` հավելելով․ — «Հուսով եմ, որ Լեհաստանից նման հստակ տեսակետը կօգնի Եվրամիությանը, որպեսզի որոշումներն ավելի արագորեն կայացվեն»:
Չնայած դրան, Եվրամիության ղեկավարությունն առայժմ հնարավոր պատժամիջոցների կիրառման ժամկետների առումով զգուշավոր է: Եվրամիության արտաքին քաղաքականության պատասխանատու Քեթրին Էշթոնի խոսնակ Մայա Կոսիյանչիչը միայն նշում է․ — «Բոլոր հնարավոր միջոցներն իհարկե քննարկվելու են: Խոսքը նախևառաջ այն սահմանափակումների մասին է, որոնք պետք է կիրառվեն բռնությունների և մարդու իրավունքների ոտնահարման համար պատասխանատու անձանց դեմ: Դրա հետ մեկտեղ, դուք գիտեք, որ այդ միջոցները պետք է միաձայն հավանության արժանանան: Լիսաբոնի համաձայնագրի հաստատումից հետո այս ընթացակարգերը բավական արագացվել են, ուստի որոշումները կարող են կայացվել համեմատաբար կարճ ժամանակահատվածում»:

Նախորդ հոդվածը‘Կիևում կառավարության և Ռադայի շենքերից էվակուացնում են աշխատակիցներին’
Հաջորդ հոդվածը‘Ոչիշխանական ուժերը քննարկում են Կառավարությանն անվստահություն հայտնելու մարտավարությունը’