‘
Սեպտեմբերի 16-ին Սլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում մեկնարկում է Եվրամիության ոչ պաշտոնական գագաթնաժողովը, որտեղ ԵՄ առաջնորդներն առաջին անգամ հավաքվում են առանց բրիտանական վարչապետի՝ որոշելու, թե ինչ է հարկավոր փոխել միության քաղաքականության մեջ այն բանից հետո, երբ Բրիտանիան որոշեց հեռանալ այնտեղից:
Գագաթնաժողովում նախատեսված չէ որևէ որոշման ընդունում կամ փաստաթղթի ստորագրում, պարզաբանել են ԵՄ պաշտոնատար անձինք, այդ հավաքն ավելի նման կլինի «ուղեղային գրոհի» և կարծիքների փոխանակման՝ փակ դռների ետևում:
Եվրախորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը սեպտեմբերի սկզբին հայտարարել է, որ Բրատիսլավայում ԵՄ երկրների ղեկավարները, չխուսափելով նույնիսկ ամենավիճելի հարցերի քննարկումից, այնուամենայնիվ՝ պետք է վերականգնեն «քաղաքական միասնության զգացումը»: «Եվրոպայի շուրջ՝ այսօրվա աշխարհը մեզ ավելի շատ սպառնալիքներ է մատուցում, քան հնարավորություններ, և մեզ նախկինից ավելի է հարկավոր քաղաքական միասնության զգացումը»,- ասել է Տուսկը:
Փոխանցում է BBC-ն:
‘