‘ԵՄ գագաթնաժողովից առաջ Մերկելը և Օլանդը ճշտել են իրենց դիրքորոշումները’

688

Հինգշաբթի օրը Բրյուսելում մեկնարկող ԵՄ գագաթնաժողովից առաջ Ֆրանսիայի և Գերմանիայի ղեկավարները ճշտել են իրենց դիրքորոշումները:

Բունդեսթագի ընտրություններից և գերմանական կառավարության ղեկավարի պաշտոնում հաստատվելուց հետո Անգելա Մերկելն իր առաջին այցը կատարել է Ֆրանսիա, ինչի համար Հինգերորդ հանրապետության նախագահ Ֆրանսուա Օլանդը չի հապաղել շնորհակալություն հայտնել Գերմանիայի կանցլերին: «Մեզ վրա առանձնահատուկ պարտասխանատվություն է ընկած Եվրոպայի ճակատագրի նկատմամբ: Եւ ԵՄ դեկտեմբերյան գագաթնաժողովում մենք կաշխատենք կարգավորել վիճելի հարցերը: Նախևառաջ՝ բանկային միության խնդիրը: Այս հարցում մենք արդեն իսկ որոշակի առաջընթաց ունենք»,- ասել է Օլանդը:

«Մեր քաղաքականությունը որոշակի հաջողություն ունի, բայց դեռ վաղ է մոռանալ խնդիրների մասին: Ուստի մենք պետք է ամեն ինչ անենք, որպեսզի ճգնաժամերը, ինչպիսին վերջինն էր, երբեք չկրկնվեն: Իսկ դա նշանակում է, որ Եվրոպան և եվրագոտին պետք է դառնան ավելի կայուն՝ տնտեսական փորձությունների հանդեպ»,- նշել է Մերկելը:

 Միաժամանակ՝ ԵՄ գագաթնաժողովի մեկնարկի նախօրեին Մերկելը կոչ է արել անդամ-երկրներին ճկունություն դրսևորել՝ միությունն ամրացնելու հարցում: Նա շեշտել է, որ եվրոպական քաղաքական գործիչները պետք է պատրաստ լինեն ԵՄ առանցքային համաձայնագրերի փոփոխությանը, փոխանցում է euronews-ը:

Նախորդ հոդվածը‘Խմբագրական. Նոր համախմբում’
Հաջորդ հոդվածը‘Եգիպտոս. Մուրսիին լրտեսության և պետական դավաճանության մեղադրանք է ներկայացվել’