‘ԵՄ երկրների ԱԳ նախարարները կքննարկեն Ուկրաինայի ճգնաժամը’

604

ԵՄ երկրների արտաքին գործերի նախարարները, ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով գերագույն հանձնակատար Քեթրին Էշթոնի նախագահությամբ, երկուշաբթի Բրյուսելում կքննարկեն «Արևելյան գործընկերության» և Ուկրաինայի հարցը:

Կիրակի օրը ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն հայտարարել է, որ Եվրամիությունը կասեցնում է Ուկրաինայի հետ ասոցացման համաձայնագրի ստորագրման նախապատրաստումը ՝ ուկրաինական ղեկավարության դիրքորոշման պատճառով: «Ուկրաինայի նախագահի և կառավարության խոսքն ու գործը ասոցացման առնչությամբ իրականում ավելի ու ավելի են հեռանում միմյանցից: Նրանց փաստարկները ոչ մի կապ չունեն իրականության հետ,- գրել է Ֆյուլեն Twitter-ում:- Ես Ուկրաինայի փոխվարչապետ Արբուզովին Բրյուսելում ասացի, որ հետագա բանակցությունները կախված են ասոցացման համաձայնագիրն ստորագրելու հստակ ցանկությունից: Աշխատանքը կասեցված է, պատասխան չի ստացվել», հավելել է Ֆյուլեն:

Մինչդեռ Ուկրաինայի վարչապետ Նիկոլայ Ազարովի մամլո խոսնակը հայտարարել է, թե Կիևը մտադիր է շարունակել բանակցությունները Եվրամիության հետ:

Կիրակի օրը Ուկրաինայի եվրաինտեգրման տասնյակ հազարավոր կողմնակիցներ նախագահ Յանուկովիչից պահանջել են չմտնել Մաքսային միություն և ազատել բոլոր քաղբանտարկյալներին, այդ թվում՝ նախկին վարչապետ Յուլյա Տիմոշենկոյին: Այդ մասին ասվում է կիրակի օրը Եվրամայդանում ընդունված բանաձևում: Ընդդիմությունը կիրակին հայտարարել էր «Արժանապատվության օր» և հերթական «Ժողովրդական վեչեն» էր  հրավիրել Մայդանում: Հաջորդ «Ժողովրդական վեչեն» նախատեսված է դեկտեմբերի 17-ին, երբ Յանուկովիչը կմեկնի Մոսվա: Եվրամայդանի կողմնակիցները մտավախություն ունեն, որ երեքշաբթի Յանուկովիչը կարող է ստորագրել Մաքսային միությանը միանալու համաձայնագիրը, թեպետ ուկրաինական իշխանությունները բազմիցս ասել են, թե նման մտադրություն չունեն, փոխանցում է BBC-ի ռուսական ծառայությունը:

Նախորդ հոդվածը‘Էմիրությունների Etihad ավիաընկերությունն այսուհետ կգործի նաև Հայաստանում’
Հաջորդ հոդվածը‘Норки Айгинер-ում պատրաստված զուգարանի թուղթ` Սերգո Երիցյանի համար’