‘
Նոյեմբերի 1-ին մասամբ ուժի մեջ է մտնում Ուկրաինայի և Եվրոպական Միության միջև ասոցացման համաձայնագիրը:
Դրույթների մի մասը, սակայն, որ վերաբերում է ազատ առևտրի գոտի ստեղծելուն, չի գործի առնվազն մինչև 2015 թ. վերջը: Կիևն այդ դրույթների իրականացումը հետաձգել է Մոսկվայի ճնշման տակ, որը հայտարարել է, թե իր շուկան կարող է հեղեղվել էժան եվրոպական ապրանքներով, որոնք կներկրի Ուկրաինան:
Ասոցացման համաձայնագրի էությունն առևտրային հարաբերությունների աստիճանական ազատականացումն է, որի արդյունքում Բրյուսելը թույլ է տալիս, որ ուկրաինական ապրանքներն ազատ մուտք գործեն եվրոպական շուկա: ԵՄ-ն նաև Կիևին տեխնիկական և նյութական օգնություն է տրամադրում, որպեսզի նա կարողանա հարմարվել եվրոպական տնտեսական օրենսդրությանը:
Ի պատասխան՝ ԵՄ-ն պահանջում է, որ իր հետ նման պայմանագիր կնքած երկիրը պահպանի որոշակի չափորոշիչներ մարդու իրավունքների և ժողովրդավարության բնագավառում, պայքարի կոռուպցիայի դեմ, ամրապնդի օրենքի գերակայությունը և բարեփոխումներ իրականացնի տնտեսության ոլորտում: Փոխանցում է BBC-ն:
‘