‘
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Եվրամիության խորհրդարանը ձայների ճնշող մեծամասնությամբ այսօր ընդունել է «Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի» վերաբերյալ բանաձեւը: Բանաձեւը վերահաստատում է 1987-ին ընդունված համանման բանաձեւի դրույթները եւ կոչ է անում Թուրքիային ճանաչել ցեղասպանությունը:
Ըստ Եվրախորհրդարանի կայքի, բանաձեւում մասնավորապես նշվում է, որ Հայաստանը եւ Թուրքիան պետք է օգտագործեն հայերի Ցեղասպանության 100-ամյակը` դիվանագիտական հարաբերությունները թարմացնելու, սահմանները բացելու եւ տնտեսական ինտեգրման համար ճանապարհ հարթելու համար:
ԵՄ խորհրդարանի պատգամավորները ընդգծում են Թուրքիայի կողմից հայերի Ցեղասպանությունը ճանաչելու անհրաժեշտությունը`«իրական հաշտեցման» ճանապարհը հարթելու համար: Նրանք նաեւ բարձր են գնահատում Հռոմի Ֆրանցիսկոս պապի հայտարարությունը, որը հնչեցվել է ապրիլի 12-ին` Ցեղասպանության 100-ամյակի կապակցությամբ:
Պատգամավորները Թուրքիային եւ Հայաստանին կոչ են անում «կիրառել եվրոպական ազգերի միջեւ հաշտեցման հաջողված» օրինակները` դիվանագիտական հարաբերություններ սկսելու, սահմանները բացելու մասին արձանագրությունների վավերացման եւ դրանք առանց նախապայմանների կյանքի կոչելու ճանապարհով, եւ ակտիվորեն կարգավորել հարաբերությունները` հատուկ շեշտադրելով սահմանային համագործակցությունը եւ տնտեսական ինտեգրացան:
Եվրոպացի պատամավորները ողջունում են Թուրքիայի նախագահի եւ վարչապետի ցավակցական հայտարարությունները, որոնք խոստովանում են օսմանահայերի դեմ իրականացված վայրագությունները, եւ կոչ են անում Թուրքիային «օգտագործել հայերի Ցեղասպանության 100-ամյակը որպես կարեւոր հնարավորություն»` սեփական արխիվները բացելու, «անցյալի հետ հաշտեցման գնալու», Ցեղասպանությունը ճանաչելու համար, եւ այդպիսով ճանապարհ հարթել «թուք եւ հայ ազգերի միջեւ իրական հաշտեցման համար»:
Նրանք նաեւ Թուրքիային կոչ են անում իր իրավասության սահմաններում` նախորդ դարում ավերված կամ ոչնչացված հայկական մշակութային ժառանգության «բարեխիղճ» գույքագրում իրականացնել:
Պատգամավորները հարգանքի տուրք են մատուցում 1.5 մլն հայ զոհերի հիշատակին, որոնք մահացել են Օսմայան կայսրությունում հարյուր տարի առաջ:
Վերջապես, եվրոպացի պատգամավորները կարծում են, որ «Ցեղասպանության զոհերի հիշատակի» միջազգային օրը սահմանվում է՝ հիշեցնելու ողջ աշխարհում բոլոր ժողովուրդների եւ ազգերի խաղաղության եւ արժանապատվության իրավունքը:
Աշխատանքային թարգմանությունը` iLur.am-ի
‘