‘ԵՄ. Հայաստանում սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ լայն կոնսենսուս չկա’

1359

Հայաստանում սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ հասարակության և ընդդիմադիր կուսակցությունների շրջանում լայն փոխհամաձայնություն չկա, ասվում է Հայաստանում Եվրամիության հարևանության քաղաքականության առաջընթացի վերաբերյալ փաստաթղթում:

Նախօրեին հրապարակված փաստաթղթում նշվում է, որ Հայաստանը շարունակել է իր ժողովրդավարացման անցումային գործընթացը, մասնավորապես կապված սահմանադրական բարեփոխումների հետ: Ընդգծվում է, որ չլուծված մի շարք խնդիրներ կան մարդու իրավունքների պաշտպանության բնագավառում, գրանցվել են հավաքների ազատության սահմանափակումների, իրավապաշտպանների դեմ բռնության դեպքեր: 

«Հայաստանը մշակել է մի շարք ոլորտների օրենսդրական ակտեր, որոնք համահունչ են ԵՄ կանոնների և ստանդարտների պահանջներին: Այդ օրենսդրական ակտերը հաճախ մնացել են ընդունման  կիրարկման ենթակա: Հարակից բարեփոխումները մշակվել են, սակայն չեն ներդրվել: Շարունակվում է դատաիրավական համակարգի նկատմամբ վստահության բացակայութունը: Կոռուպցիայի դեմ պայքարը ևս շարունակում է մնալ առանցքային խնդիր: Ազատ իրավաբանական օգնության իրավունքի ուղղությամբ արձանագրվել է առաջընթաց», — ասվում է փաստաթղթում:

Երկրի առաջընթացի մասին հաշվետվության հիման վրա ԵՄ-ը առաջարկում է իրականացնել մի շարք գործողություններ, մասնավորապես, մինչև 2017թ. խորհրդարանական ընտրությունները նախաձեռնել ընտրական օրենսդրության փոփոխություններ՝ համաձայն ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ արված առաջարկություններին, մշակել և իրականացնել խտրականության դեմ համապարփակ օրենսդրություն: 

Առաջարկվում է նաեւ նպաստել ղարաբաղյան հակամարտության համապարփակ խաղաղ լուծմանն ուղղված ջանքերին՝ հավատարիմ մնալով Մինսկի խմբում ստանձնած պարտավորություններին եւ խուսափել «իրավիճակը լարող և խաղաղ գործըթացը խաթարող գործողություններից և հայտարարություններից»:

Նախորդ հոդվածը‘Արամ Մանուկյանի գործը մակագրվել է դատավոր Լեւոն Ավետիսյանին’
Հաջորդ հոդվածը‘Սերժ Սարգսյանի չինական «կայծերը». ԼՂ հարցում զիջում՝ պետական այց կպցնելու դիմաց’