‘
Հայաստանի եւ Եվրամիության միջեւ վիզայի ռեժիմի ազատականացման հարցն առանձին գործընթաց է եւ ներառված չէ ՀՀ-ԵՄ նոր համաձայնագրում։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ժոնաթան Լակոտը: Նրա խոսքով՝ սա երկար գործընթաց է եւ դեռ ժամանակ է պահանջելու:
«Սա Եվրամիության գործելակերպի մաս է կազմում, եւ ամեն անգամ պետք է հաշվի առնել այդ գործընթացում ներառված գործողությունների հաջորդականությունը: Այս գործընթացի համար շատ կարեւոր է որոշակի պայմանավորվածությունների գոհացուցիչ համապատասխանեցումը. հենց այդ անհրաժեշտ պայմաններն ի մի բերված լինեն, վիզայի ռեժիմի ազատականացման գործընթացի բանակցությունների մեկնարկը կտրվի, ինչն էլ ենթադրվում է՝ պետք է հանգեցնի վիզայի ռեժիմի ազատականացմանը: Ստացվում է այնպես, որ այս գործընթացը ավելի շատ պետք է ծավալվի հայտ ներկայացնող երկրում, քան Բրյուսելում»,-ասել է Լակոտը:
‘