‘ԵՄ-ն երկարացրել է Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների ժամկետը’

879

ԵՄ երկրների արտաքին գործերի նախարարները Բրյուսելում կայացած հանդիպման ընթացքում որոշել են վեց ամսով երկարացնել ռուսաստանցի պաշտոնատար անձանց և ռուսաստանամետ անջատականների նկատմամբ սահմանված պատժամիջոցների առաջին փաթեթի գործողության ժամկետը:

Դա արվել է Ուկրաինայի արևելքում ռազմական գործողությունների ակտիվացման և դրանում Ռուսաստանի ունեցած դերի կապակցությամբ:

Բրյուսելյան հանդիպման ընթացքում ընդունված որոշումները պետք է վավերացվեն փետրվարի 12-ին Եվրամիության պետությունների ղեկավարների գագաթնաժողովում: BBC-ի թղթակցի փոխանցմամբ՝ այդ գագաթնաժողովում կարող են քննարկվել նաև լրացուցիչ պատժամիջոցներ ֆինանսական ոլորտում, որոնց ընդունման համար անհրաժեշտ է դրանք համաձայնեցնել Միացյալ Նահանգների հետ:

Նիդեռլանդների արտգործնախարար Բերթ Քենդերսը տեղեկացրել է, որ ԵՄ բոլոր երկրների ԱԳՆ ղեկավարները համաձայնել են այս որոշմանը, և դա անվանել է «հստակ ազդանշան Ռուսաստանին», փոխանցում է Associated Press-ը:

Հիշեցնենք, որ 2014 թ. մարտին ԵՄ-ն արգելք դրեց Ղրիմի անեքսիայի հետ առնչություն ունեցող անձանց՝ իր տարածք մուտք գործելու վրա և սառեցրեց նրանց ակտիվները: Ռուսաստանի նկատմամբ ճնշումներն ակտիվացնելու կոչերն ավելի համառ դարձան անցյալ հանգստյան օրերին Մարիուպոլի հրթիռակոծությունից հետո, ինչի արդյունքում զոհվեց 30 խաղաղ քաղաքացի, տասնյակ մարդիկ վիրավորվեցին: Արտասահմանյան դիտորդները նշեցին, որ նախնական գնահատականներով՝ հրթիռակոծությունը կատարվել է անջատականների վերահսկողության տակ գտնվող շրջանից: Փոխանցում է BBC-ն:

Նախորդ հոդվածը‘Սինայում ահաբեկությունների պատճառով Եգիպտոսի նախագահը դադարեցրել է այցը’
Հաջորդ հոդվածը‘Բունդեսլիգա. Հանդիպումներ, որոնք պետք է անպայման դիտել’