Եվրամիությունը որոշում է կայացրել կասեցնել պարզեցված վիզային ռեժիմը Բելառուսի պաշտոնատար անձանց համար։ Այդ մասին ասվում է ԵՄ Խորհրդի հայտարարության մեջ, որը տարածվել է այսօր Բրյուսելում։
«Խորհուրդն այսօր որոշում է ընդունել ԵՄ-ի և Բելառուսի միջև պարզեցված վիզային ռեժիմի համաձայնագրի մասնակի կասեցման վերաբերյալ»,- ասվում է հաղորդագրության մեջ։ Նշվում է, որ տվյալ քայլը «պատասխանն է Բելառուսի կողմից շարունակվող հիբրիդային գրոհի»։
«Մենք վճռականորեն դատապարտում ենք և մերժում բելառուսական ռեժիմի կողմից միգրացիան գործիք դարձնելու շարունակվող պրակտիկան։ Անընդունելի է մարդկանց կյանքի հետ խաղալը քաղաքական նկատառումներով»,- նշվում է փաստաթղթում։
Շեշտվում է նաև, որ որոշումը կկիրառվի միայն երկրի պաշտոնատար անձանց նկատմամբ, և «չի վերաբերում Բելառուսի սովորական քաղաքացիներին, որոնք կշարունակեն օգտվել նույն արտոնություններից, ինչը նախատեսված է պայմանագրով»։
Փոխանցում է tass.ru-ն։
