‘
Եվրամիությունը Իրաքյան Քուրդիստանի իշխանություններին կոչ է արել չանցկացնել անկախության հանրաքվե՝ այն համարելով անարդյունավետ, ասվում է ԵՄ դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինիի հայտարարության մեջ:
«Եվրոպական Միությունը հիշեցնում է, որ մշտապես պաշտպանում է Իրաքի միասնությունը, ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությունը: Միակողմանի գործողությունները, ինչպիսին առաջարկվող հանրաքվեն է, անարդյունավետ են, դրանցից պետք է խուսափել»,- հայտարարել է Մոգերինին:
Նրա խոսքով՝ ԵՄ-ն ընդունում է, որ Քուրդիստանի իշխանությունների և Բաղդադի միջև չլուծված հարցեր կան, և կարծում է, որ դրանք պետք է լուծվեն «խաղաղ և կառուցողական երկխոսության ճանապարհով, որը փոխհամաձայնեցված որոշման կհանգեցնի՝ հիմնված իրաքյան սահմանադրության դրույթների վրա»:
Իրաքյան ինքնավար Քուրդիստանի իշխանությունները Իրաքից անջատվելու վերաբերյալ հանրաքվեն նշանակել են սեպտեմբերի 25-ին: Այս շաբաթ ԱՄՆ, Ֆրանսիայի, Գերմանիայի և ՄԱԿ-ի ներկայացուցիչները Իրաքյան Քուրդիստանի ղեկավար Մասուդ Բարզանիի հետ հանդիպմանն առաջարկել են հետաձգել հանրաքվեն, սակայն վերջինս հայտարարել է, որ հանրաքվեն տեղի կունենա նշանակված օրը, եթե իրենց այլընտրանք չառաջարկվի: Սեպտեմբերի 14-ին Բարզանին տեղեկացրել է, որ մի քանի երկրներից ստացել է այդ այլընտրանքը, սակայն անկախության հանրաքվեի անցկացման Բարձագույն հանձնաժողովը մերժել է այն:
Քրդական հանրաքվեն քննադատության է ենթարկվել տարածաշրջանի շատ երկրների, այդ թվում՝ հենց Իրաքի, Իրանի և Թուրքիայի կողմից: Դրա դեմ է հանդես եկել նաև Արաբական պետությունների լիգան:
Փոխանցում է ria.ru-ն:
‘