‘ԵՄ-ն հերթական տարեկան զեկույցն է հրապարակել Հայաստանի մասին ‘

1032

Եվրամիությունը հերթական տարեկան զեկույցն է ներկայացրել` գործընկեր երկրներում գրանցված առաջընթացի վերաբերյալ: 2012-ի տարեկան առաջընթացի զեկույցում ԵՄ-ն անդրադարձել է Հայաստանին վերաբերվող բազմաթիվ հարցերի` մարդու իրավունքներ, ընտրություններ, ԼՂ հիմնախնդիր, Մեծամորի ատոմակայան, կոռուպցիա, անգամ` Հանրային խուրհուրդ, եւ այլն:

Ընդհանուր գնահատականների մեջ նշվում է, թե 2012-ի ԱԺ ընտրությունները թեեւ դիտարկվել են որպես լավ անցկացված, սակայն, կոնկրետ որոշ հանձնարարականներ կան, որոնք պետք է կյանքի կոչել, որոնք ներկայացվել են ԺՀՄԻԳ-ի կողմից:

Նշվում է, թե Հայաստանի իշխանությունները համեմատաբար թափանցիկ եւ մրցակցային ընտրություններ են անցկացրել 2012-ի մայիսին, միեւնույն ժամանակ, ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը մի շարք խնդիրներ է մատնանշել, որոնք պետք է լուծվեին մինչեւ նախագահական ընտրությունները: Նախագահական ընտրություններում ԺՀՄԻԳ-ը մատնանշել է ընտրական գործընթացի վարչական տեսակետից հետագա բարելավման, այդ թվում` ընտրացուցակների որակի, լցոնումների որոշ դեպքերի եւ ընտրողների վրա ճնշումներ գործադրելու հարցերում անհրաժեշտությունը: Ընտրությունների հանդեպ հանրային վստահությունը ցածր է եղել:  

Նշվում է, որ դեռ որեւէ կոնկրետ արդյունք չկա 2008-ի մարտյան դեպքերի ժամանակ արձանագրված տաս սպանությունների հանգամանքների քննության հարցում: ԵՄ-ն նաեւ իր մտահոգությունն է հայտնել առ այն, որ այդ իրադարձություններից հետո ոստիկանությունում դաժան վերաբերմունքի եւ արդար դատավարության իրավունքի խախտումների մասին պնդումները քննության առարկա չեն դարձել:

Բացի դա, նշվում է, որ չնայած բարեփոխումներ իրականացնելու շարունակական ջանքերին` դատական համակարգի հանդեպ վստահությունը շարունակվում է ցածր մնալ, իսկ կոռուպցիայի ընկալումը` բարձր: 2012-ին սահմանափակ գործողություններ են իրականացվել բարձր մակարդակում կոռուպցիայի դեմ պայքարի համար, ինչի մասին են վկայում կոռուպցիայի հետ առնչություն ունեցած մի շարք անձանց պաշտոններից ազատելը: Հիշատակվում է Transparency International-ի զեկույցը, որտեղ նշվել էր, որ Երեւանի կենտրոնի վերակառուցման ժամանակ լայնամասշտաբ կոռուպցիոն գործողություններ են իրականցվել:

Ըստ արժանվույն չեն քննվում զինված ուժերում, ինչպես նաեւ բանտում եւ ոստիկանական բաժանմունքներում տեղի ունեցող բռնությունների եւ դաժան վերաբերմունքի դեպքերը: Նշվում է նաեւ, որ 2008 թվականին ստեղծված Հանրային խորհուրդը անարդյունավետ է եւ արհամարհվում է բազմաթիվ առաջատար հկ-ների կողմից:

 

 

Նախորդ հոդվածը‘ԱԺ տարածք ներխուժած երիտասարդը կալանավորվել է’
Հաջորդ հոդվածը‘Քննիչները կարծում են, որ Բերեզովսկին կախվել է ‘