‘ԵՄ-ն չի մեկնաբանում Թուրքիայի վարչապետի հայտարարությունը’

944

Եվրահանձնաժողովը գերադասում է չմեկնաբանել Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտարարությունը, թե «նման պետություն գոյություն չունի՝ Կիպրոս անունով», որը վրդովմունքի ալիք է բարձրացրել Հունաստանում և Կիպրոսի Հանրապետությունում: ԵՄ ընդլայնման և հարևանության քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեի պաշտոնական ներկայացուցիչ Փիթեր Ստանոն  բավարարվել է սոսկ չեզոք հայտարարությամբ. «Եվրոպական հանձնաժողովը չի մեկնաբանում նման հայտարարությունները կամ մամուլում դրանց անդրադարձները: Հանձնաժողովը խուսափում է քննարկել սպառնալիքները կամ ցանկացած այլ գործողություն, որը կարող է վտանգել բարիդրացիական հարաբերությունները և տարաձայնությունների խաղաղ կարգավորումը», Cyprus Daily-ի փոխանցմամբ՝ հայտարարել է Ստանոն: Ինչպես նշում է պարբերականը, Բրյուսելում շատերն էին ակնկալում, որ «Եվրամիությունը որոշակի դիրք կգրավի և կոշտ պատասխան կտա Միության անդամության թեկնածու երկրի աղմկահարույց հայտարարությանը, որն ուղղված է ԵՄ անդամ-պետության դեմ»: Սակայն Եվրահանձնաժողովը, թերթի բնորոշմամբ, գերադասել է խուսափողական պատասխան տալ Էրդողանի հայտարարությանը:

Լեհաստան կատարած այցի ընթացքում Էրդողանը շարադրել էր իր տեսակետն այն մասին, թե ինչու է ձգձգվում ԵՄ-ին իր երկրի անդամակցության հարցը: Նա, մասնավորապես, հայտարարել էր. «Գոյություն չունի այդպիսի երկիր, որ կոչվում է Կիպրոս: Կա տեղական վարչակազմ Կիպրոսի հարավում: Բայց կա նաև հյուսիսային Կիպրոս, և «կանաչ գոտի» (ՄԱԿ-ի բուֆերային գոտին)՝ դրանց միջև»:

 Նման հրապարակային հայտարարությանն անմիջապես հետևել է Հունաստանի կտրուկ արձագանքը: Երկրի ԱԳՆ-ն շեշտել է , որ թուրք վարչապետի փորձը՝ «կասկածի տակ դնել Կիպրոսի Հանրապետության գոյությունն իսկ պետք է վերջապես արթնացնի միջազգային հանրությանը և նրա աչքերը բացի, թե իրականում ինչ մտադրություններ ունի Թուրքիան կիպրոսյան կարգավորման վերաբերյալ», փոխանցում է ИТАР-ТАСС-ը:

Նախորդ հոդվածը‘Թուրքիայի փոխվարչապետը պատրաստ է լքել պաշտոնը’
Հաջորդ հոդվածը‘Վրաստանից հերքել են Հայաստանի գյուղնախարարության մասնագետների հայտարարությունները’