ԵՄ-ն պաշտպանվում է կորոնավիրուսի նոր ալիքից

636

Կորոնավիրուսով հիվանդացության կտրուկ աճին զուգահեռ՝ Եվրոպայի ավելի ու ավելի շատ երկրներ նոր սահմանափակումներ են մտցնում և պատվաստման անձնագրերը պարտադիր են դարձնում հանրային վայրեր այցելելու և զանգվածային միջոցառումներին մասնակցելու համար։

Ջոնս Հոփքինսի ամերիկյան համալսարանի տվյալներով՝ կորոնավիրուսով հիվանդացածների ընդհանուր թիվն այժմ կազմում է մոտավորապես 255 միլիոն, ավելի քան 5,1 մլն մարդ մահացել է։ Ամբողջ աշխարհում արդեն կորոնավիրուսի դեմ արվել է 7,5 մլրդ ներարկումից ավելի (լրիվ պատվաստման համար հաճախ բավարար է պատվաստանյութի երկու չափաբաժին, սակայն ոմանք արդեն երրորդն են ստացել)։

Հիվանդության տարածման հարցում առաջատարը շարունակում է մնալ ԱՄՆ-ը․ այստեղ վերջին 28 օրերին արձանագրվել է 2,1 միլիոնից ավելի նոր ախտորոշում։ Երկրորդ տեղում Մեծ Բրիտանիան է (1,1 մլն), երրորդում՝ Ռուսաստանը (1 միլիոնից ավելի)։

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը նախազգուշացրել է, որ իրադրությունը երկրում կարող է դրամատիկ դառնալ։ Չորեքշաբթի օրը այստեղ վարակվածների թիվը կազմել է 52,8 հազար՝ ամենամեծ թիվը համավարակի ողջ ընթացքում։

Մասնավոր լոքդաուն է գործում արդեն Նիդեռլանդներում և Շվեդիայում, որտեղ մինչև հիմա կորոնավիրուսի դեմ պայքարի ամենամեղմ ռեժիմներն էին սահմանված Եվրոպայում․ դեկտեմբերի 1-ից պարտադիր է դառնում պատվաստման անձնագիր ներկայացնելը հանրային միջոցառումների այցելելիս։ Ֆրանսիայում արդեն իսկ գործում են կորոնավիրուսային անձնագրերը։

Ինչպես հայտարարել է Բելգիայի վարչապետ Ալեքսանդր Դե Կրոոն. «Եվրոպայի քարտեզը արագորեն կարմրում է, և մենք` նույնպես»։

Փոխանցում է BBC-ն։

Նախորդ հոդվածը«Մանչեսթեր Յունայթեդը» վճարում է 422 միլիոն եվրո աշխատավարձ
Հաջորդ հոդվածը«Իրաքյան ավիաուղիները» միգրանտներին տեղափոխում է Բելառուսից