‘ԵՄ-ն պատասխանել է Երևանին. Հայաստանի հետ ասոցացման համաձայնագրի ստորագրումն անհնար է բաղադրիչներից որևէ մեկի բացակայության դեպքում’

873

Հայաստանի հետ ասոցացման համաձայնագրի ստորագրումն անհնար է բաղադրիչներից որևէ մեկի բացակայության դեպքում: Այդ մասին ԱրմԻնֆոյի թղթակցի հետ զրույցում հայտարարել է Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար, դեսպան Տրայան Հրիստեան՝ մեկնաբանելով Սերժ Սարգսյանի հայտարարությունը առաջիկա նոյեմբերին «Արևելյան գործընկերության» Վիլնյուսի գագաթնաժողովում ԵՄ հետ ասոցացման համաձայնագիրը նախաստորագրելու պատրաստակամության մասին` սակայն առանց տնտեսական բաղադրիչի, այսինքն` առանց Խորը և համապարփակ ազատ առևտրի գոտու ստեղծման շուրջ պայմանագրի:

«Եվրահանձնակատար Շտեֆան Ֆյուլեն Հայաստան իր վերջին այցի ընացքում նշել է, որ ասոցացման համաձայնագրի շուրջ բանակցությունները վարվել են համալիր և ներառել են մի շարք կետեր, մասնավորապես, կառուցվածքային կամ համակարգային բաղադրիչ, Խորը և համապարփակ ազատ առևտրի գոտու ստեղծման շուրջ պայմանագրի մասին բաղադրիչ, ինչպես նաև մարդկանց շարժունակության կամ տեղաշարժման մասին գլուխ: Եվ Խորը և համապարփակ ազատ առևտրի գոտու ստեղծման շուրջ պայմանագիրը չի կարելի մեխանիկորեն անջատել ասոցացման համաձայնագրից», — նշել է եվրոպացի պաշտոնյան:

Ընդ որում՝ նա ավելացրել է, որ, չնայած այդ հանգամանքին, Եվրամիությունը պատրաստ է շարունակել երկխոսությունը հայկական կողմի հետ համագործակցության հետագա  խորացման համար  այն ոլորտներում, որոնցում դա հնարավոր է այնպես, որպեսզի այն չհակասի Մաքսային միության շրջանակում Հայաստանի ստանձնած պարտավորություններին:

Նշենք, որ Հայաստանի ԵՄ ասոցացված անդամության շուրջ բանակցությունները փակուղի են մտել այն բանից հետո, երբ Սերժ Սարգսյանը հայտարարեց Ռուսաստանի նախաձեռնած Մաքսային միությանն անդամակցելու՝ հանրապետության մտադրության մասին: Եվրոպացի պաշտոնյաները հայտարարեցին, թե ՄՄ կանոնները հակասում են ասոցացման համաձայնագրի նորմերին, մասնավորապես, դրա տնտեսական ասպեկտներին, որոնք սահմանում է Խորը և համապարփակ ազատ առևտրի գոտու ստեղծման շուրջ պայմանագիրը: Ի պատասխան` Հայաստանի նախագահը  ԵԽԽՎ ամբիոնից հայտարարեց, որ Երևանը պատրաստ է նախաստորագրել ասոցացման համաձայնագիրը արդեն առաջիկա նոյեմբերին, «Արևելյան գործընկերության» Վիլնյուսի գագաթնաժողովում, սակայն` առանց տնտեսական բաղադրիչի (Խորը և համապարփակ ազատ առևտրի գոտու ստեղծման շուրջ պայմանագրի), եթե այն հակասում է ՄՄ նորմերին:

Նախորդ հոդվածը‘Արձանագրվել են սիբիրյան խոցի դեպքեր’
Հաջորդ հոդվածը‘Օֆշորի Տիկոն, Բենթլի Սամոն, Ֆլեշի Բարսեղը եւ Բանանի Միհրանը ‘