Վիլնյուսում և Վարշավայում քննադատել են Գերմանիայի հեռացող կանցլեր Անգելա Մերկելին՝ միգրացիոն ճգնաժամի վերաբերյալ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ հեռախոսային բանակցություններ անցկացնելու համար։
Լիտվայի արտաքին գործերի նախարար Գաբրիելյուս Լանդբերգիսը հայտարարել է Մինսկի հետ առուտուր անելու անթույլատրելիության մասին, մանավանդ՝ ԵՄ-ի անունից։ Նրա խոսքով՝ Եվրոպան կարող է ընդամենը պնդել, որ «Լուկաշենկոյի հրավիրած» բոլոր միգրանտներն անվտանգ վերադառնան տուն։
«Ամենավատն այն է, որ չնայած մեր գործադրած բոլոր ջանքերին՝ բռնապետի հետ երկխոսությունը թույլ են տալիս վերածվելու իսկական բանակցությունների։ Մենք կարող ենք ասել, որ պահանջում էինք ազատ արձակել մարդկանց, սակայն նա, այնուամենայնիվ, իր պայմաններն է թելադրում։ Ըստ երևույթին՝ հենց այդպես էլ կա։ Վատ է նաև այն, որ այդ բռնապետը փորձում է լեգիտիմացնել իրեն։ Մեկ տարուց ավելի է՝ նրան չեն ճանաչում, նրա հետ ոչ ոք չէր խոսում, իսկ հիմա նրա հետ երկխոսում են»,- ասել է Լանդբերգիսը։
Մերկելի քննադատությամբ է հանդես եկել նաև Լեհաստանի նախկին վարչապետ, եվրապատգամավոր Բեատա Շիդլոն։ Նրա խոսքով՝ Գերմանիայի կանցլերի պաշտոնակատարը խախտել է ԵՄ կանոնները։ «Նման վարքագիծը հիշեցնում է պատմության այն վատ պահերը, երբ Կենտրոնական Եվրոպայի երկրներն ընկալվում էին բացառապես որպես քաղաքական առևտրի առարկա»,- ասել է Շիդլոն։
Փոխանցում է euronews-ը։
