‘
ԵՄ պատվիրակությունը հայտնում է իր մտահոգությունը Երևանում վերջերս տեղի ունեցած դեպքերի՝ քաղաքացիական ակտիվիստների և ընդդիմադիր քաղաքական գործիչների նկատմամբ հարձակումների առնչությամբ: Այս մասին ասվում է Եվրոպական միության պատվիրակության տարածած հայտարարության մեջ, որը կազմվել է Հայաստանում հավատարմագրված ԵՄ անդամ պետությունների դիվանագիտական առաքելությունների ղեկավարների հետ համաձայնությամբ:
ԵՄ պատվիրակությունը ողջունում է ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի հայտարարությունը, որում նա կոչ է անում իրականացնել դեպքերի արդյունավետ և անկախ քննություն:
ԵՄ պատվիրակությունը կոչ է անում Հայաստանի իշխանություններին հրատապ և վճռական քայլեր ձեռնարկել օրինախախտներին անհապաղ պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ: ԵՄ պատվիրակությունը կրկին հաստատում է իր մտահոգությունը 2013 թվականին տեղի ունեցած համանման դեպքերի նկատմամբ քննության արդյունքների բացակայության առնչությամբ:
«Օրենքի անարդյունավետ կիրարկման ընկալումն աճող մտահոգությունների տեղիք է տալիս Հայաստանի քաղաքացիական հասարակության կազմակերպությունների, մարդու իրավունքների պաշտպանների և միջազգային դիտորդների շրջանում և առաջ է քաշում Հայաստանում անպատժելիության մթնոլորտ զարգացնելու վտանգ: ԵՄ պատվիրակությունը վկայակոչում է, որ ժողովրդավարական սկզբունքների, մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների նկատմամբ հարգանքը մնում է ԵՄ-Հայաստան երկկողմ հարաբերությունների կարևոր բաղադրիչը, ինչպես համաձայնեցվել է Վիլնյուսում 2013 թվականի նոյեմբերին արված համատեղ հայտարարությամբ», — ասվում է հայտարարության մեջ:
‘