‘ԵՄ փոխնախագահին մտահոգում է հրեաների «ելքի» հեռանկարը’

694

Եվրահանձնաժողովի փոխնախագահ Ֆրանս Թիմերմանսը հայտարարել է, որ Եվրոպային ծանր աշխատանք է սպասվում՝ եվրոպական հրեաներին համոզելու, որ հրեատյացության բարձրացված ալիքի վրա չարտագաղթեն: Թիմերմանսի կարծիքով՝ այդ հարցը նույնքան կարևոր է, որքան եվրագոտու ճգնաժամը: «ԵՄ մի շարք երկրներում հրեական համայնքի անդամների մեծամասնությունը վստահ չէ, որ ապագա ունի Եվրոպայում»,- ասել է նա:

Հունվարի 9-ին Փարիզի սուպերմարկետում ահաբեկիչ իսլամիստը գնդակահարեց չորս հրեաների: Եւ սա Ֆրանսիայում ու Բելգիայում առաջին դեպքը չէ:

Ֆրանսիան, որտեղ  Եվրոպայի ամենամեծ հրեական համայնքն է, արդեն հայտարարել է իսլամիստների հարձակումների դեմ մի շարք միջոցառումներ անցկացնելու մասին:

Ելույթ ունենալով Բրյուսելում՝ Թիմերմանսը հայտարարել է, որ հրեաների անհանգստությունն իրենց անվտանգության համար «հենց եվրոպական ինտեգրացիայի սկզբունքի դեմ նետված մարտահրավեր է»:

Մեծ Բրիտանիայի ՆԳ նախարար Թերեզա Մեյը նույնպես քայլեր է ձեռնարկել՝ հրեական համայնքի մտավախությունները ցրելու ուղղությամբ, և հայտարարել է, որ իշխանություններն ամեն ինչ անում են՝ նրան պաշտպանելու համար: Մեյը նույնիսկ հանրության առջև է հայտնվել մի պաստառով, որի վրա գրված է Je suis Juif  («Ես հրեա եմ»):

Փոխանցում է BBC-ն:

Նախորդ հոդվածը‘Ժամը 15.00-ի դրությամբ բոլոր ավտոճանապարհները հիմնականում անցանելի են’
Հաջորդ հոդվածը‘Մոմավառություն Բաթումիում՝ ի հիշատակ Ավետիսյանների ընտանիքի’