‘ԵՊԼՀ-ից 50 ուսանողների հեռացումը հալածողական ենթատե՞քստ ունի ‘

1410

Երևանի Վ. Բրույսովի անվան պետական լեզվաբանական համալսարանից այս տարի հեռացված շուրջ 50 ուսանողների նախաձեռնությամբ ստեղծվել է «Քաղաքացիական հասարակություն» ՀԿ-ն, որը միտված է զբաղվելու բացառապես ուսանողների խնդիրներով:

«Զոլյանի դեպքից հետո ես, ելնելով համալսարանի ներսում տիրող բարոյահոգեբանական իրավիճակից, դասախոսների, պրոֆեսորադասախոսական կազմի մոտեցումներից, կողմնակալ վերաբերմունքից, բոյկոտել եմ դասերը ու հեռացվել: Իսկ, ահա, մնացած ուսանողների նկատմամբ եղել է անկողմնակալ վերաբերմունք: Այն մարդիկ, ովքեր եղել են ուսխորհրդի անդամ, ունենալով երեքից չորս լիկվիդ՝ չեն հեռացվել, իսկ մյուսները, ունենալով միայն մեկը, հեռացվել են»,- iLur.am-ի հետ զրույցում ասաց «Քաղաքացիական հասարակություն» ՀԿ-ի հիմնադիր Նարեկ Սամսոնյանը՝ նշելով նաև, որ հեռացումը հիմավորվել է ԿԳՆ-ի նոր որոշմամբ, որի մասին պատշաճ կերպով չեն տեղեկացրել ուսանողներին: Այդ որոշման համաձայն՝ նույն առարկայից երեք անգամ լիկվիդ ունեցող ուսանողը հեռացվում է համալսարանից, այնինչ նախկինում կար ուրիշ ընթացակարգ, ըստ որի՝ միայն մեկ լիկվիդ ունենալու պարագայում ուսանողը տեղափոխվում էր հաջորդ կուրս, սակայն պարտավորվում էր անցնել այդ առարկայի կուրսի կրկնություն՝ նախապես վճարելով 40 հազարից մինչև 120 հազար դրամ: Նարեկի փոխանցմամբ՝ համալսարան ընդունվելիս ուսանողների կողմից կնքած պայմանագրի մեջ նման ընթացակարգ նշված չի եղել: Նրա խոսքով՝ ՀԿ-ն այժմ ուսումնասիրում է իրադրությունը և հետագայում ընթացք կտա այս գործին:

iLur.am-ը զրուցեց նաև Երևանի Վ. Բրույսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի ներկայացուցչի հետ, ում անունը մի շարք նկատառումներով չենք հարապարակում:
«Այս դեպքը միանշանակ չէ, բանն այն է, որ այս գործում եղել է թերացում, հեռացված ուսանողներին չեն թույլատրել երրորդ անգամ ներկայանալ լիկվիդի, իսկ երբ վերահանձնման ժամկետը լրացել է, նրանց հեռացրել են, իսկ պրոռեկտորին նկատողություն են հայտարարել: Այս ամենը, անկախ իրավական կողմի ձևակերպումներից, ունի իր հալածողական ենթատեքստը, բայց ինչպես միշտ՝ դա ձևակերպվել է իրավաբանորեն և ոչ այնքան վիճելի հիմնավորումներով», — ասաց iLur.am-ի զրուցակիցը՝ նշելով, որ ուսանողները հիմք են տվել, որպեսզի իրենց դեմ նման լծակներ օգտագործեն:

Նախորդ հոդվածը‘Շաբաթվա 10 լավագույն գոլերը’
Հաջորդ հոդվածը‘Աշոտ Մանուկյան. Վանաձորում մեռյալ վիճակ է ‘