‘
Այսօր, ժամը 11:30-ից սկսած՝ Երևանի պետական համալսարանի գլխավոր մասնաշենքի առջև մոտ 200 ուսանող պահանջում են անվավեր ճանաչել ընտրությունների արդյունքները և անցկացնել նոր ընտրություններ։ Նրանք հայտարարել են անժամկետ դասադուլ և կոչ են անում բոլոր ուսանողներին՝ համախմբվել և տեր կանգնել ժողովրդի ձայնին։ Այդ մասին iLur.am-ին փոխանցեց կազմակերպիչներից մեկը:
Նրա խոսքով՝ դեկանները հալասարանում վախի մթնոլորտ են տարածել և պահանջել ուսանողներից ոչ մի պարագայում դասադուլ չհայտարարել: ԵՊՀ աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի դեկան Մարատ Գրիգորյանը նույնիսկ հրմշտել է ուսանողուհիներին և սպառնացել հեռացնել համալսարանից: Միջադեպը հնարավոր է եղել ֆիքսել տեսախցիկի միջոցով:
Ակտիվիստներից մեկը iLur.am-ին հայտնեց նաև, որ ՀՊՃՀ-ում ցանկանում են հալասարանից հեռացնել կազմակերպիչներից մեկին:
Այժմ երթը շարժվում է դեպի Երևանի պետական տնտեսագիտական համալսարան, որտեղ կմիանան նաև այդ ուսումնական հաստատության դասադուլավորները: Ուսանողները կշրջեն բոլոր համալսարաններում, իսկ վերջում բողոքի երթով կշարժվեն դեպի ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի շենք:
‘