‘ԵՊՀ-ն պարզաբանումը դասախոս Արարատ Միրզոյանի հայտարարության կապակցությամբ’

764

Երեւանի պետական համալսարանը հայտարարություն է տարածել՝ պարզաբանելու պատմական գիտությունների թեկնածու Արարատ Միրզոյանի հայտարարությունն այն մասին, որ համալսարանի ռեկտոր Արամ Սիմոնյանը հրաժարվել է երկարաձգել աբմիոնի առաջարկած աշխատանքային պայմանագիրը: 

«Դեռևս օրեր առաջ` 2013 թ-ի փետրվարի 27-ին,  իրեն ԵՊՀ դասախոս հայտարարած Արարատ Միրզոյանը ԵՊՀ կենտրոնական մասնաշենքի առջև տեղի ունեցած «դասադուլի» ակցիաների ժամանակ ԵՊՀ ռեկտորի օգնական Գևորգ Մելքոնյանի հետ տեղի ունեցած սադրիչ միջադեպի (հայտարարությունից պարզ չէ՝ որ կողմից է եղել սադրանքը-խմբ.) վերաբերյալ հայտարարություն էր տարածել «Facebook» սոցիալական ցանցով, որով դժգոհությունն էր արտահայտել կատարվածի վերաբերյալ ու բացատրություններ պահանջել: Այդ ժամանակ ԵՊՀ ռեկտորատի անդամները չկարողացան մտաբերել Արարատ Միրզոյան անունով ԵՊՀ դասախոսի և երկար փնտրտուքներից հետո պարզվեց, որ ԵՊՀ պատմության ֆակուլտետի 2002 թ-ի շրջանավարտ, «Այ-էֆ-ի-էս-Հայաստան» կազմակերպության ընտրողների իրազեկման մասնագետ Արարատ Միրզոյանի հետ 2012 թ-ի նոյեմբերին մեկ ամսով կնքվել է աշխատանքային պայմանագիր ԵՊՀ պատմության ֆակուլտետի հայ արվեստի պատմության և տեսության ամբիոնում որպես դասախոս ժամավճարային հիմունքներով (հեռակա համակարգում) աշխատելու մասին: Ըստ պայմանագրի` սահմանվել է ընդամենը 27 լսարանային ժամ աշխատաժամանակ: Այնուհետև ըստ աշխատանքային պայմանագրով սահմանված ժամկետի` 2012 թ-ի դեկտեմբերի 30-ին 40-ից ավելի ժամավճարով դասավանդողների հետ Ա. Միրզոյանի աշխատանքային պայմանագիրը լուծվել է: Ա. Միրզոյանը որպես դասախոս ընդամենը երկու ամիս է համատեղությամբ աշխատել ԵՊՀ-ում և նրա ամբողջ մանկավարժական ստաժը ԵՊՀ-ում կազմում է երկու ամիս (12 տեսական և 15 գործնական ժամ), այն դեպքում, երբ ներկայումս ասպիրանտների տարեկան մանկավարժական պրակտիկան կազմում է 30-60 ժամ:
Այսպիսով` 2013 թ-ին նա այլևս չի հանդիսացել ԵՊՀ-ում դասավանդող անձ և ԵՊՀ-ի հետ չի ունեցել իրավաքաղաքացիական որևէ հարաբերություն:
Երեկ Ա. Միրզոյանը «Facebook» սոցցանցում ապատեղեկատվություն է տարածել այն մասին, որ ամբիոնի կողմից առաջարկվող պայմանագիրը չի հաստատվել և հիմա նա այլևս ԵՊՀ դասախոս չի համարվում: Հարկ է նշել, որ այս հայտարարությունը նույնպես ապատեղեկատվություն է, քանի որ ԵՊՀ ամբիոնները պայմանագրեր չեն առաջարկում: ԵՊՀ-ի կողմից հետևողականորեն տարվում է քաղաքականություն, որի նպատակն է հեռակա համակարգում դասավանդելու համար հնարավորինս ներգրավել ԵՊՀ-ում հիմնական հիմունքներով աշխատող դասախոսներին, և ներկայումս չկա անհրաժեշտություն Ա. Միրզոյանին ժամավճարով համատեղությամբ ներգրավել ուսուցման գործընթացին, քանի որ այդ դասընթացը արվեստաբանության բաժնի հեռակա մագիստրատուրայում վարելու է ամբիոնի վարիչ, արվեստագիտության դոկտոր, պրոֆեսոր Լ. Չուգասզյանը, ով վարում է նույն դասընթացը առկա համակարգում:
Ցավոք, արդեն որերորդ անգամ արձանագրում ենք, որ համալսարանի հետ կապ չունեցող անձինք, ներկայանալով համալսարանական, անհիմն քննադատում են համալսարանին: Այս երևույթը նոր կիրառվող տեխնոլոգիա է և ճկուն օգտագործվում է համացանցում ապատեղեկատվություն տարածելու նպատակով` ԵՊՀ ուսանողի կարգավիճակ չունեցող անձինք «դասադուլ» են անում ԵՊՀ կենտրոնական մասնաշենքի առջև, իսկ ԵՊՀ աշխատակցի կամ դասախոսի կարգավիճակ չունեցող անձինք ներկայանում են այդպիսին և քննադատում Մայր բուհին:  Ափսոսանք ենք հայտնում, որ իրենց պրոֆեսիոնալ համարող լրատվամիջոցները տարածում են ապատեղեկատվություն` չփորձելով սկզբնաղբյուրից ճշտել տեղեկատվության ճշմարտացիությունը», — ասվում է հայտարարության մեջ: 

Նախորդ հոդվածը‘Շահագործման է հանձնվել ոստիկանության Երևանի Քանաքեռ-Զեյթունի բաժնի վերանորոգված շենքը’
Հաջորդ հոդվածը‘Ռաֆայել Նազարյան. Մեզ բաժին է հասել բավականին բարդ խումբ’