‘ԵՊՀ ուսանողներ. Ուսանողների անունից տարածված հայտարարությունը մեզ հետ չի համաձայնեցվել ‘

6193

Երեկ երեկոյան ԵՊՀ պատմության ֆակուլտետի կոլեկտիվի և ուսանողության անունից հայտարարություն է տարածվել, հետեւյալ բովանդակությամբ. «Նոյեմբերի 22`-ին ժամը 13-ին, 4 հոգի  բարձրախոսով և տեսախցիկներով ներխուժելով ԵՊՀ պատմության ֆակուլտետ, կատարել են ապօրինի գործողություններ` խաթարելով ֆակուլտետի բնականոն աշխատանքը: Նրանք անհարկի աղմուկ են բարձրացրել, բարձրաձայն բղավել, արտահայտել իրենց քաղաքական հայացքները, անկարգություններ հրահրել: Երիտասարդների գործողությունները խոչընդոտել են ֆակուլտետի բնականոն գործունեությունը: ԵՊՀ պատմության ֆակուլտետի դեկան Էդիկ Մինասյանը, լսելով բարձրացած աղմուկ-աղաղակը, ընդհատել է իր դասախոսությունը ու փորձել միջամտել և հանդարտեցնել երիտասարդներին` պահանջելով դադարեցնել անկարգությունները և հեռանալ ֆակուլտետի մասնաշենքից: Երիտասարդները, չենթարկվելով դեկանի օրինական պահանջներին, շարունակել են անկարգությունները և գործադրել բռնություն` հրելով դեկանին, դասախոսական անձնակազմի որոշ ներկայացուցիչների և ուսանողների: Սադրած անկարգությունները հնարավոր է եղել դադարեցնել միայն ոստիկանության միջամտության արդյունքում: Լրջորեն մտահոգված լինելով վերոնշյալ փաստով` ԵՊՀ պատմության ֆակուլտետի կոլեկտիվը և ուսանողները խստորեն դատապարտում են կատարվածը և թույլ չեն տա որևէ մեկին խանգարելու ֆակուլտետի բնականոն գործունեությունը: ԵՊՀ-ի կանոնադրությամբ այն ապաքաղաքական հիմնարկ է»:

Մենք՝ ԵՊՀ Պատմության ֆակուլտետի ուսանողներս, հայտարարում ենք.

Ա. Հայտարարությունը, որը տարածվել է ֆակուլտետի ուսանողության անունից, չի ներկայացնում բոլոր ուսանողների տեսակետը, եւ մեր անունից տարածվել է՝ առանց մեզ հետ նախապես համաձայնեցնելու, կամ տեղյակ պահելու: Մենք ԶԼՄ-ներից ենք իմացել, որ մեր անունից նման հայտարարություն է տարածվել: 

Բ. Հայտարարության մեջ դեպքը ներկայացված է կողմանակալ: Իրականում համալսարանում քաղաքական քարոզ տեղի չի ունեցել: Մենք չենք լսել որևէ քաղաքական ուժի կամ քաղաքական գործչի օգտին իրականացվող քարոզչություն:

Գ. Հայտարարության մեջ որեւէ խոսք չկա այն մասին, որ իրականում համալսարանի երկրորդ հարկում ծեծի են ենթարկել ակտիվիստներից մեկին, որին ականատես է եղել ԵՊՀ պատմության ֆակուլտետեի դեկան Էդիկ Մինասյանը և փոխդեկան Վահագն Հակոբյանը և մի քանի տասնյակ ուսանողներ:

Սա անընդունելի գործելաոճ է և մարդու իրավունքների կոպտագույն ոտնահարում:

  

Էլեն Գրիգորյան՝   ԵՊՀ պատմության ֆակուլտետի, մշակութաբանության բաժնի ուսանող:

Լուսինե Հարությունյան՝  ԵՊՀ պատմության ֆակուլտետրի, մշակութաբանության  բաժնի ուսանող:

Տաթևիկ Պողպատյան՝  ԵՊՀ պատմության ֆակուլտետի հնագիտության և ազգագարության ամբիոնի ազգագրության բաժնի մագիստրանտ:

Անուշ Ազնավուրյան՝  ԵՊՀ պատմության ֆակուլտետի, մշակութաբանության բաժնի ուսանող: 

 

Նախորդ հոդվածը‘«Զենիթի» ֆուտբոլիստների ինքնագրերի բաժանումն ավարտվել է ծեծ ու ջարդով. տեսանյութ’
Հաջորդ հոդվածը‘Ոստիկանությունը բացահայտել է Օլիմպիայից կատարված կողոպուտը ‘