‘ԵՊՀ պատմության ֆակուլտետի դեկան. Ինձ էլ բանի տեղ ոչ դնում, ոչ բան, գոռում էին’

3924

«Հակահարված» art խումբն այսօր ակցիա է իրականացրել Երևանի պետական համալսարանի «Սև շենքում», սակայն այն խոչընդոտել են պատմության ֆակուլտետի դեկանի տեղակալն ու ԵՊՀ անվտանգության աշխատակիցներն ու, art խմբի անդամների փոխանցմամբ, ծեծել իրենցից մեկին: iLur.am-ի թղթակիցը միջադեպի առիթով զրուցեց պատմության ֆակուլտետի դեկան Էդիկ Մինասյանի հետ:

Պարոն Մինասյան, փաստորեն բռնի ուժ եք կիրառել ակցիայի մասնակիցների նկատմամբ:

-Այ մարդ, էդպիսի բան չի եղել, ես հո վայրենի չե՞մ: Ես ո՞ր մի ուսանողի նկատմամբ նման բան կարող եմ կիրառել: Իրենք են մտել, դասերը խանգարում են:

Բայց ակցիան դասամիջոցի ժամանակ է եղել:

-Սուտ բաներ են տարածում, որովհետև իրենք էին հրմշտում էրեխեքին, էրեխեքն էլ հրմշտեցին, որ դուրս հանեն դրանց: Մտել են կորպուս ու միկրոֆոններով ձեռքների կոչ էին անում տապալել և այլն, և այլն, դասն էին խանգարում: Ես էլ դուրս եկա, ասում եմ՝ հասկացեք, հիմնարկ է, դաս ենք անում և այլն, ասում է` բա դուք ո՞վ եք, ու գնում առաջ: Ես էլ էրեխեքի հետ դուրս եկանք, որ չի կարելի, էլի, դուրս եկեք, բայց որևէ միջադեպ, ծեծկռտոց, բան, տենց բաներ չի եղել: Դուրս եկանք, պահակներին կանչեցինք:

Մասնաշենքի միջանցքներում տեսախցիկներ չկա՞ն:

-Չկա, հենց էդ է վատը, որ չկա: Իրենք ոնց որ դիտավորյալ մտնեն միջանցքներ, գոռում-գոչյուն, բան անեն, խանգարեն դասը: Ասում եմ՝ դասեր եք խանգարում, էդպես չի կարելի, ասում եմ՝ եկեք, իջնենք զրուցենք, տեսնենք՝ ինչ է եղել, ինչ խնդիր կա: 

Իսկ երբ ուսանողներին տանում են Հանրապետական կուսակցության հավաքներին, ինչո՞ւ դասախոսական կազմը չի բողոքում:

-Էդ ուրիշ բան ա: Դաս են խանգարում, ես էլ դուրս էկա, տեսնեմ՝ ինչ է եղել: Ինձ էլ բանի տեղ ոչ դնում, ոչ բան, գոռում, գոչում անընդհատ:

Գուցե ակցիան իշխանությունների դեմ էր, դրա՞ համար էր Ձեր ռեակցիան այդպիսին:

-Չէ, չէ, այ մարդ: Սա պետական հիմնարկ է, մտնում է ներս, գոչում է, խանգարում է դասը, բա չասե՞ս, կարգի չհրավիրե՞ս, չասե՞ս՝ տղա ջան, մի վայրկյան, քեզ ո՞վ ա թույլ տվել կամ ինչի՞ ես եկել: Դեկան ես` վերջին հաշվով, ասում ես՜ մի վայրկյան կանգնի, փախնում են: Մոտեցանք էնտեղ, ասում եմ՝ տղա, մի վայրկյան, դու ինձ ճանաչո՞ւմ ես, ասում է՝ չէ:

Դուք ջղայնացել եք, որ Ձեզ չե՞ն ճանաչել որպես դեկան:

-Մենակ էդ չի: Բացի դրանից` արհամարհում էին:

Դուք, որպես դեկան, պետք է իմանաք, որ 1988-ի շարժման ավանգարդը ուսանողությունն է եղել, գուցե դուք, ավելի ճիշտ կլիներ՝ ողջունեի՞ք այդ ակցիան:

-Տենց հարց չկա էստեղ: Ուղղակի իրենք մտել են պետական հիմնարկ, բա դեկան ես, չասե՞ս` ինչի՞ եք եկել, ի՞նչ խնդիր կա, բայց դրանք էլ արհամարհած ունեն: Զայրացել եմ, բայց որևէ բան չի եղել:

Նախորդ հոդվածը‘Իվանիշվիլին իմպիչմենտի չի գնա’
Հաջորդ հոդվածը‘Իրանի ԱԳՆ. Թեհրանը ՀԱՄԱՍ-ին տեխնոլոգիաներ է փոխանցել, այլ ոչ թե զենք’