‘Ես իրավունք չունե՞մ կասկածելու Րաֆֆիին’

2462

Փորձեմ, թե կարողանամ, հասկանալ Րաֆֆի Հովհաննիսյանին. «Եթե ապրիլի 9-ին Սերժ Սարգսյանը սուրբ երդում տա մեր Սահմանադրության և Աստվածաշնչի վրա, եթե վեհափառ հայրապետն օրհնի նրան, դա իրենք կանեն իմ դիակի վրա»:

Սեր ու հանդուրժողականությո՞ւն, վերջնագի՞ր, թե՞ հենց ուղղակի իմաստ, ո՞րն ընդունել… Ո՞րն էլ ընդունելու լինենք, քայլը ծայրահեղական է ու ոչ գործնական: Որն էլ ընդունենք, քաղաքական կապրիզ է իր մեջ պարունակում… ու նաև Համազական հոտ եմ առնում: Րաֆֆին մամուլում իր հայտարարությունն այսկերպ է բնութագրում. «Հասկացեք ուղղակի, բայց ոչ վերջնագրի լեզվով: Դա պարզապես ճշմարտություն է՝ այն, ինչը պետք է տեղի ունենա»: Մի՞թե սեփական անձի նկատմամբ ոտնձգությունը, սեփական անձի ինքնաոչնչացումը ծայրահեղականի քայլ չէ: Փորձում եմ հասկանալու մտավոր եզրեր գտնել. գուցե Րաֆֆին դրանով փորձում է ժողովրդին համոզել մինչև արյան վերջին կաթիլն իր նվիրվածությո՞ւնը… Չէ՞ որ  համոզելու տեղ, իրոք, ունի: Բայց, չգիտեմ ինչու, անկոչ հյուրի նման միշտ ինձ հյուր է գալիս հինգ տարի առաջը:

Երբ արյան մեջ խեղդվեց ժողովրդական շարժումը, երբ ուժայինների կողմից շրջապատված Օպերայի շենքում կայանում էր Սերժ Սարգսյանի ինաուգուրացիան: Այդ ժամանակվա հզոր շարժումը կարիք ուներ պաշտպանության գոնե ընդդիմադիր թև համարվողների կողմից… Ի՞նչ արեց Րաֆֆին 5 տարի առաջ: Նա իշխանության կողմից հրավիրված քչերի մեջ պատվավոր հյուր էր ու շնորհավորեց գործող նախագահին ընտրվելու կապակցությամբ: Մոռացվե՞լ է… Այսօր, երբ ինքն է առանցքի շուրջ, հիշո՞ւմ է, որ ժողովուրդը զարթնել է, գիտակցո՞ւմ է, որ հաղթանակը միասնականության մեջ է, զգո՞ւմ է այն արյան գինը, որ թափվել ու ազատագրվել է Ազատության հրապարակը… Ես կամ իմ նմաններն իրավունք ունե՞նք կասկածելու, չհավատալու Րաֆֆիին… չհավատալու նրա անկեղծությանը, երբ ինքը մի բառով անգամ չի հիշում, որ ինքն է նաև նպաստել Հայաստանի այս վիճակին… Ես իրավունք չունե՞մ կասկածելու Րաֆֆիի, այդքանով հանդերձ, լինելու իմ ժողովրդի կողքին… Զգայացունց բառերն արդեն չեն ազդում, շարժման համար արյուն տվողները միայն վառ կարմիր ծաղիկների տեսքով կարող են իրենց բողոքն արտահայտել, նրանք արյուն էին թափել նաև Րաֆֆիի համար, որ ինքն ազատ լինի իշխանական կաշկանդումներից…

Ու հիմա, եթե իրոք ազատ է, կարողացել է ազատվել 5 տարի առաջվա կաշկանդումներից, միայն ուրախ եմ… բայց, անկեղծ ասած, տասնյակ անմեղ դիակներն ինձ ավելի են հուզում, քան… Որպես մարդ, որպես քաղաքացի… ու չեմ հասկանում Րաֆֆիին:

 

Հասմիկ Բաբաջանյան

«Հրապարակ»

Նախորդ հոդվածը‘Վարդան Մինասյան. Մովսիսյանից նման բան չէի սպասում’
Հաջորդ հոդվածը‘Ու՞մ պատվերով էր իրականացվել «մասկի շոու» գործողությունը «Յուվեցի Կարոյի» տղայի նկատմամբ (տեսանյութ)’