‘Ես հասկացել եմ, թե ում էր ձեռնտու Հայրիկյանի դեմ մահափորձը, իսկ դու՞ք’

2830

Գլխումս «լրիվ ոնց որ խառնվել ա սաղ»: Պարույր Հայրիկյանի դեմ մահափորձի մասին լուրը լսելու պահից մինչեւ հաջորդ օրվա գրեթե նույնը պահը, մեղքս ինչ թաքցնեմ, Հայաստանի հեռուստաալիքներում դեգերել եմ ու դեգերել:

Ասեմ ձեզ` գարշելի պատկեր էր: Ի վերջո, այլ բան է, որ տեսականորեն գիտես` ազգիդ քաղաքական գործիչների մեծագույն մասը դատարկ կամ պայթյունավտանգ փուչիկ է, բոլորովին այլ բան է, որ դրանց հիմնական մասը մտնում է տունդ ու «խառնում սաղ»:

Եւ ինչու էին էս մարդիկ լցվել իմ տուն ու ինչ էին ասում: Չէ, նախ` ինչու էի թույլ տվել, որ էս մարդիկ լցվեն իմ տուն: Որ ի՞նչ ասեն: Իբր` ուզում էի սրանց միջոցով հասկանալ, թե ով կարող էր ցանկանալ Պարույր Հայրիկյանի մահը: Բայց` չէ. սրանք այլ մտադրությամբ էին ներխուժել իմ տուն: Ամեն մեկի ձեռքին մի մեծ կամ փոքրիկ օճառ էր` իրենց ընդունակությունների ու ուղեղների ծալքերի չափով: Քծնանքի օբյեկտն էլ, պարզ է, Հայաստանում «կայունություն» ապահոված եւ «ազատ, արդար, խաղաղ» ընտրությունների Դանկոյի սիրտ Սերժիկ Սարգսյանն էր: Ու՞մ էր ձեռնտու` հարցնում էին էս մտքի գիգանտները: Ու պատասխանում էին` ձեռնտու էր նրանց, ովքեր չեն ուզում, որ Հայաստանում կայունություն լինի, ընտրություններն էլ անցնեն խաղաղ ու արդար պայմաններում:

Նայում էի սրանց, նայում էի «վշտից կքած» հեռուստալրագրողների դեմքերին, ու հարցերը, նենգ, դավաճանական, երկրիս «կայունությունը» խաթարող հարցերը հանգիստ չէին տալիս ինձ:

Հիմա դրանց` մեկ առ մեկ դուրս եմ շպրտել իմ տնից, միացրել եմ Mezzo-ն, որ ամենակարող երաժշտությունն ուղեղս աղբից մաքրի, բայց մեկ է` էդ հարցերը հանգիստ չեն տալիս ու չեն տալիս:

Էս վայմարդասեր քաղաքական գործիչ կոչեցյալները` յուղը վրան ու նաֆթալինոտ, որտե՞ղ էին, երբ Հայաստանում Մարտի մեկ սանձազերծվեց, բա էս «սգվոր» լրագրողնե՞րը որտեղ էին: Որտե՞ղ էին, երբ Վահե Ավետյանին գազանաբար հոշոտեցին նեմեցի վարժեցրած գելխեղդները, որտե՞ղ էին, երբ շաբաթական առնվազն երկու անգամ Հայոց բանակում զինվորներ էին «ինքնախոշտանգվում» եւ «ինքնասպանվում»: Չէ, գրողի ծոցում չէին, ամենքն իրենց տեղում էին` օճառներով զինված: Այս սպանությունները հանուն Հայաստանի կայունության էին, իսկ Հայաստանի կայունության համար պետք լինի` տասն ինչ է, քսան հոգու էլ կարելի է գնդակահարել, հիսունի էլ, հարյուրի էլ… Հազարի էլ…

Հիմա տեսնենք, թե ում էր ձեռնտու Պարույր Հայրիկյանի դեմ մահափորձը: Հայաստանի հեռուստաալիքների համառ ջանքերի շնորհիվ ես հասկացա, որ ձեռնտու էր Սերժիկ Սարգսյանին եւ իր ավազակախմբին: Առնվազն քսանչորս ժամ ձրի նախընտրական գովազդ էր հորդում հեռուստաեթերից, թե ինչքան լավն է Սերժիկ Սարգսյանը, թե ոնց է էս «ինչքան լավ» Սերժիկ Սարգսյանը կաշվից դուրս գալիս, որ ընտրություններն անցնեն արդար, խաղաղ ու ազատ պայմաններում, եւ ինչ-որ չար մարդիկ ուզում են խաթարել էս «ինչքան լավ» Սերժիկ Սարգսյանի շնորհիվ երկրում հաստատված «կայունությունը»: Ձեռնտու էր օճառով զինվածներին` դրանից էլ բարեպատեհ առի՞թ, որ մի կուշտ քծնեն իրենց տիրոջը:

 Սխալվու՞մ եմ: Հնարավոր է: Սխալվում եմ, գնացեք ու դրա համար հաշիվ պահանջեք Սերժիկ Սարգսյանին փսլինքախառն քծնողներից ու անագորույն կսկիծից մի բուռ դարձած հեռուստալրագրողներից:

Հա, Պարույր Հայրիկյանին էլ քաջառողջություն եմ մաղթում: Առջեւում ընտրություններ են, եւ նրա տեսակետն էլ է չափազանց կարեւոր Սերժիկ Սարգսյանի ձայների ավելացման գործում: Մանավանդ որ` Հայաստանի անկախության խորհրդանիշը հրաշալի հիշում է, թե իննսունականների սկզբում քանի մարդու են սպանել, իսկ ռոբասերժական ժամանակների մի քանի տասնյակ սպանությունները գլխից թռել են:

Լիզա Ճաղարյան

Նախորդ հոդվածը‘Թալիբները հարձակվել են Պակիստանի հյուսիսալևելյան անցակետերից մեկի վրա’
Հաջորդ հոդվածը‘Ֆրանսիայի խորհրդրանը հավանություն է տվել նույնասեռ ամուսնությանը’