‘
Մեր ընթերցողին ենք ներկայացնում օրերս Եվգենի Սատանովակու՝ «Военно-промышленный курьер»-ում հրապարակված հոդվածը՝ մասնակի կրճատումներով
Եվգենի Սատանովսկի
«Մերձավոր Արևելքի ինստիտուտ» (նախկինում՝ Իսրայելի և Մերձավոր Արևելքի ինստիտուտ) անկախ գիտական կենտրոնի նախագահ, Մերձավոր և Միջին Արևելքի քաղաքականության բնագավառում Ռուսաստանի առաջատար փորձագետներից մեկը
Փարիզի հունվարյան ահաբեկչությունները զանգվածային լրատվամիջոցների ուշադրությունը շեղեցին Սիրիայի և Իրաքի կոտորածներից, որտեղ Սաուդյան Արաբիայի և Քաթարի փողերով սնվող արմատական սուննի խմբավորումները, որոնց շարքերը համալրում են տասնյակ հազարավոր գրոհայիններ՝ ողջ աշխարհից, այդ թվում՝ Արևմտյան Եվրոպայից, շարունակում են ընդարձակել իրենց կողմից վերահսկվող տարածքները: Գրավված բնակավայրերում իսպառ ոչնչացվում են քրիստոնյաները՝ բոլորն առանց բացառության: Հիմնովին կոտորվում են եզդիները, մանդեյները և այլ «հերետիկոսներ, որոնց մեջ են մտնում, ֆանատիկոս-սալաֆիտների տեսակետից՝ նաև շիաներն ու չափավոր սուննիները: Արևմտյան քաղաքական գործիչները համառորեն «չեն նկատում» այն, որ փոքրամասնությունների գենոցիդ է տեղի ունենում հենց նույն շրջաններում, որտեղ այն տեղի է ունեցել մի հարյուրամյակ առաջ: Միայն թե այն ժամանակ հիմնականում հայերին, ասորիներին և պոնտացի հույներին էին սպանում, և դրանով, առաջին հերթին՝ զբաղվում էին թուրքերը, որոնք մեր ժամանակներում օժանդակ դեր են կատարում:
Ցանկացած զուգահեռ Օտտոմանյան արքունիքի նախկին արաբական նահանգներում՝ հարյուրամյա վաղեմության հայոց ցեղասպանության հետ՝ Անկարայում ընդունում են ցուցադրական վրդովմունքով: Ակնհայտ է, որ պատմությունից ոչ ոք ոչ մի դաս չի քաղել, առավել ևս՝ իմաստ ունի հիշել մեկդարյա վաղեմության ողբերգությունը:
Անցյալ և նախանցյալ դարերի սահմանագծին տեղի ունեցած հայերի ցեղասպանության առանձնահատկությունը դրա ծավալն էր և բացարձակ անպատժելիությունը՝ նախևառաջ: Երկրորդ՝ դա տեղի էր ունենում «լուսավորյալ» հասարակության աչքի առաջ, որը համառորեն չէր տեսնում թուրքերի կողմից քաղաքացիական բնակչության ոչնչացումը: Երրորդ՝ անսահման երեսպաշտությունը, ինչի արդյունքում հայերի ցեղասպանության փաստն ինքնին մինչ այժմ ճանաչվել է միայն առանձին պետությունների և միջազգային կազմակերպությունների կողմից: Վերջապես՝ դա առաջին զանգվածային կոտորածն էր՝ ազգային հատկանիշի հիման վրա, ինչը կատարվել էր մի երկրում, որ հավակնում էր ժամանակակից քաղաքակրթության մաս կազմել: Ինչն էլ հստակ բնորոշում է այդ քաղաքակրթությունը և սահմանում նրա գինը:
Ո՞ր կողմում է միջազգային հանրությունը
Հայերի ցեղասպանությունը հիշեցնում է մի քանի տասնամյակ անց նացիստների կազմակերպած հոլոքոստը: Զոհերի թվի հարցում նույն՝ տարբեր տվյալները (ինչպես նաև՝ այդ տարածքում բնակվողների թիվը): Գազանության նույն աստիճանը և գթասրտության նույն բեկորները՝ տեղային առանձնահատկությունների որոշ շտկումներով. հազարկիլոմետրանոց գաղթ անապատներով՝ մինչև վերջին ողջ մնացած մարդը, և մի քանի երեխաների փրկությունը թուրք ընտանիքների կողմից ( այդ երեխաներին պարտադիր կերպով իսլամի բերելու պայմանով): Համաշխարհային քաղաքական վերնախավի անտարբերությունը և աննշան թվով մարդիկ, ովքեր փորձել են պահպանել հանցագործությունների ապացույցները:
Մյուս կողմից՝ հոլոքոստը ճանաչվել է աշխարհի կողմից: Համենայն դեպս՝ նրա մեծ մասի կողմից: Ինչ գնով, որքան ժամանակ անց՝ այլ հարց է: Հայերի ցեղասպանությունը… այստեղ, մեծ հաշվով, ոչ մի սփոփիչ բան տեղի չի ունենում: Շարժը, որ կարելի է նկատել, հատկապես՝ վերջին տասնամյակներին, աննշան է և հազիվ թե որևէ մեկին բավարարի: Առավել ևս՝ զոհերի հարազատներին, որոնք ժամանակակից հայերի մեծ մասն են կազմում: Գաղտնիքը շատ պարզ է՝ տարբերությունը ժամանակակից Գերմանիայի և Թուրքիայի միջև է:
Գերմանիայում հաղթող տերությունները լյուստրացիա են իրականացրել: Հրեաների կոտորածը դարձել է այն չափորոշիչը, որով նշվել է նացիստական գաղափարախոսությունը, և պաշտոնական մակարդակով այն խրախուսել կամ, դատապարտելուց բացի՝ այլ կերպ ընկալել՝ չէր կարելի: Թուրքիայում, առանց բացառության՝ քաղաքական վերնախավը կազմված է եղել և հիմա էլ կազմված է նրանցից, ում կենսագրության մեջ առկա է մասնակցությունը հայերի կամ նրանց ուղղակի ժառանգների ցեղասպանությանը: Աթաթուրքի Թուրքիայի վերածումը Էրդողանի Թուրքիայի՝ չի փոխել իրավիճակը. իսլամիստները պակաս կրքոտությամբ չեն հերքում իրենց նախնիների հանցագործությունները, քան քեմալականները:
Նաև՝ Հայաստանը մինչև 1991 թ. Խորհրդային Միության մի մասն էր, իսկ Թուրքիան եղել և մնում է ՆԱՏՕ-ի անդամ և ՌՄ ասոցացված անդամ: Հարց է ծագում՝ ո՞ւմ կողմում պետք է լիներ «համաշխարհային հանրությունը»: Որին այսպիսի որոշումների պատճառով հեղինակն ընկալում է բացառապես որպես անամոթ ու անխիղճ մաֆիա: Քանի որ քաղաքական պրագմատիզմը չի ենթադրում ո՛չ մեկը, ո՛չ էլ մյուսը:
Ի գիտություն ընթերցողների. սովորաբար՝ ցեղասպանություն են անվանում հայերի կոտորածները, որ սկսվել են 1915 թ. (և մի շարք աղբյուրների հավաստմամբ՝ շարունակվել մինչև 1923 թ.)՝ Օսմանյան կայսրության կողմից վերահսկվող տարածքներում: Այն իրականացվել է մի քանի փուլով. հայ զինվորների զինաթափում, սահմանամերձ շրջաններից ընտրողաբար կատարված տեղահանություն, աքսորի մասին օրենքի ընդունում, վերջապես՝ զանգվածային տեղահանություններ և սպանություններ: Մի շարք պատմաբաններ դրա մեջ ներառում են նաև հայերի զանգվածային սպանությունները 1890-ականներին, Զմյուռնիա քաղաքի կոտորածը և թուրքական զորքերի գործողություններն Անդրկովկասում 1918 թ.:
Ցեղասպանության հիմնական կազմակերպիչներ են համարվում երիտթուրքերի առաջնորդներ Թալեաթը, Ջեմալը և Էնվերը, ինչպես նաև՝ «Հատուկ կազմակերպության» ղեկավար Բեհաէդդին Շաքիրը: 1915 թ. մայիսի 24-ի Հռչակագրում Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան և Ռուսաստանը պատմության ընթացքում առաջին անգամ հայերի զանգվածային սպանությունները ճանաչեցին որպես հանցագործություն մարդկության դեմ:
Հայացք՝ դարերի խորքից
Հայերի կոտորածներն ուղեկցվում էին նրանց մշակությաին ժառանգության ոչնչացմամբ: Պայթեցվում էին հայկական հուշարձաններն ու եկեղեցիները, գերեզմանոցները վերածվում էին դաշտերի, քաղաքների հայկական թաղամասերն ավերվում էին կամ զբաղեցվում թուրք և քուրդ բնակչության կողմից ու անվանափոխվում էին: 1914 թ. Կոստանդնուպոլսի հայ պատրիարքն ուներ 2549 ծուխ, այդ թվում՝ ավելի քան 200 վանք և առնվազն 1600 եկեղեցի: 1974 թ. գիտնականները Թուրքիայում նույնականացրին հայկական եկեղեցիների ու վանքերի 913 շինություն: Այդ հուշարձանների կեսից ավելին չէր պահպանվել: Մնացածներից 252-ը ավերված էին, և ընդամենը 197-ն էր համեմատաբար կարգին վիճակում:
Ինչ վերաբերում է հայերի ցեղասպանության միջազգային արձագանքին, այն եղել և մնում է ավելի քան համեստ: Մեծ Բրիտանիայում, պաշտոնական հետաքննությունից հետո, լույս տեսավ «Հայերի հանդեպ վերաբերմունքն Օսմանյան կայսրությունում» փաստաթղթերի գիրքը: Եվրոպայում և ԱՄՆ-ում լավ մշակված սկզբունքով հանգանակություն կազմակերպվեց փախստականների համար. չես կարող փրկել՝ վճարիր՝ խիղճդ հանգստացնելու համար:
Դրա արդյունքում՝ 1919 թ. Բոստոնում Դաշնակցություն կուսակցության IX համագումարում որոշում կայացվեց ոչնչացնել հայերի կոտորածներին մասնակցած երիտթուրքերի առաջնորդներին: «Նեմեսիս» անվանված գործողության շրջանակներում՝ 1921 թ. մարտին Բեռլինում սպանվեց կայսրության ներքին գործերի նախարարը և օսմանական եռապետության անդմաներից մեկը՝ Թալեաթ փաշան:
Ժամանակակից Թուրքիայում գիտնականները, մտավորականությունն ու մամուլը քննարկում են հայական հարցը՝ չնայած ազգայնականների և կառավարության հակազդեցությանը: Հայկական թերթի խմբագիր Հրանտ Դինքը, գրողներ Օրհան Փամուկը և Էլիֆ Շաֆակը, հրատարակիչ Ռահիփ Զարաքոլուն մեղադրվեցին «թրքականությանը» վիրավորելու մեջ: Արդյունքում՝ Դինքը և Զարաքոլուն դատապարտվեցին, իսկ 2007 թ. Դինքն սպանվեց:
Միջազգային մակարդակում հայերի ցեղասպանության ճանաչման համար պայքարում են սփյուռքի այնպիսի կառույցներ, ինչպես Զորոյանի ինստիտուտը և Հայկական ազգային ինստիտուտը: 1984 թ. ժողովուրդների Մշտական դատարանը Օսմանյան կայսրության գործողությունները որակեց ցեղասպանություն: Նույնպիսի եզրակացության հանգեց Ցեղասպանության հետազոտության միջազգային ընկերությունը 1997 թ.: 2000 թ. հոլոքոստի 126 հետազոտողների հայտարարությունը հաստատեց, որ հայերի ցեղասպանությունն Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում անվիճելի է:
Հայերի ցեղասպանությունը ճանաչել ու դատապարտել են Եվրոպայի Խորհուրդը, Եվրախորհրդարանը և ՄԱԿ-ի՝ փոքրամասնությունների նկատմամբ խտրականության կանխարգելման և նրանց պաշտպանության ենթահանձնաժողովը: Պետություններից՝ առաջինը 1965 թ. Ուրուգվայն էր: Նրան հաջորդեցին Ֆրանսիան, Բելգիան, Նիդեռլանդները, Շվեդիան, Ռուսաստանը, Լեհաստանը, Լիբանանը, Լիտվան, Հունաստանը, Սլովակիան, Կիպրոսը, Արգենտինան, Վենեսուելան, Չիլին, Կանադան, Վատիկանը, Բոլիվիան, Շվեյցարիան (խորհրդարանի ստորին պալատը), ԱՄՆ 43 նահանգները և Կոլումբիայի շրջանը:
Հայերի զանգվածային ջարդերին նվիրված առաջին հուշարձանը տեղադրվել է 50-ական թթ. լիբանանյան Անթիլիասի հայկական կաթողիկոսության տարածքում: 1965 թ. Էջմիածնի կաթողիկոսության տարածքում տեղադրվել է ցեղասպանության զոհերի հուշարձան: 1967 թ. Երևանում՝ Ծիծեռնակաբերդի բլրին, ավարտվեց հուշահամալիրի շինարարությունը: 1990-ական թթ. սիրիական Դեր-Զոր անապատում կառուցվեց մատուռ: Արդյո՞ք ոչ թե սոսկ որպես ցեղասպանության վկայություն հանդիսացող, այլ հենց հայերի ոչնչացման վայրում տեղադրված այդ եզակի հուշարձանը պահպանվել է սիրիական կառավարության դեմ ֆանատիկոս-իսլամիստների մղած քաղաքացիական պատերազմի թոհուբոհում՝ այսօր ոչ ոք չգիտի…
‘