‘
Եվրախորհրդարանն այսօր փաստաթուղթ ընդունեց Ադրբեջանում իրավապաշտպանների դատական հետապնդումների վերաբերյալ: Փաստաթղթի մի շարք կետեր անմիջականորեն վերաբերում են Հայաստանին, ադրբեջանցի իրավապաշտպան Լեյլա Յոնուսի հուլիսյան ձերբակալմանը և մասնակիորեն՝ հօգուտ Հայաստանի լրտեսելու՝ միջազգային աղմուկ առաջացրած կասկածելի մեղադրանքներին:
Եվրախորհրդարանը պատրաստ է պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի դեմ և խզել հարաբերությունները նշված պահանջները չբավարերելու դեպքում, տեղեկացնում է «Հայաստանի եվրոպացի բարեկամներ» կազմակերպությունը: Ընդունված հայտարարության մեջ Եվրախորհրդարանը դատապարտում է Հայաստանի և ադրբեջանական քաղաքացիական հասարակության, երիատասարդական կազմակերպությունների և մտավորականության հետ հարաբերությունները խզելու Ադրբեջանի ջանքերը:
Հաջորդ տարի եվրոպական օլիմպիական խաղերը անց են կացվելու Ադրբեջանում: Խաղերի ընթացքում Խորհրդարանը կոչ է անում Միջազգային օլիմպիական հանձնաժողովին պահանջել մամուլի ազատություն երկրի ողջ տարածքում, ինչպես նաև դադարեցնել ԶԼՄ-ների վրա գործադրվող ճնշումները:
Եվրախորհրդարանը հստակ հայտարարել է, որ ոչ մի համագործակցություն չի վերականգնվի մինչև Ադրբեջանը չգործի նշված պահանջներին համապատասխան:
‘