‘Եվրախորհրդարանի նախագահը «խորապես հիասթափված է» Ուկրաինայի եւ Հայաստանի որոշումներից’

932

Եվրախորհրդարանի նախագահ Մարտին Շուլցն ասել է, որ «խորապես հիասթափված է» այն փաստից, որ Ուկրաինան և Հայաստանը հրաժարվել են այսօր Վիլնյուսում մեկնարկող Արևելյան գործընկերության գագաթնաժողովում Ասոցացման համաձայնագրերը ստորագրելու և նախաստորագրելու մտադրությունից: Այս մասին հաղորդում է «Մեդիամաքս» գործակալությունը:

«Շնորհավորում եմ Մոլդովային և Վրաստանին նախատեսվող նախաստորագրման կապակցությամբ, և խորապես հիասթափված եմ այն փաստից, որ Ուկրաինան և Հայաստանը հրաժարվել են գագաթնաժողովին համաձայնագիրը ստորագրելու իրենց մտադրությունից: Հատկապես ցավալի է, որ իրենց ընտրությունը վերանայելու այդ երկրների որոշումը կատարվել է արտաքին ճնշման ներքո: Մենք պետք է հստակ և բարձրաձայն հայտարարենք, որ անընդունելի ենք համարում Ռուսաստանի տնտեսական և քաղաքական ճնշումները մեր արևելյան գործընկերների նկատմամբ», — ասվում է Արևելյան գործընկերության գագաթնաժողովի նախօրեին  արված Շուլցի հայտարարության մեջ:

Մարտին Շուլցը նշել է, որ «ԵՄ-ի հետ ասոցացման դուռը բաց է մնում»: «Մենք երբեք չենք թողնի տարածաշրջանի ժողովուրդների եվրոպական հույսերն ու ձգտումները», — ասել է նա:

Նախորդ հոդվածը‘Կենսաթոշակային նոր համակարգի ներդրման հարցը ԱԺ-ում կքննարկվի՝ ՀՀԿ-ն ուզի, թե չուզի. Մամուլ’
Հաջորդ հոդվածը‘Եղանակ. Ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և մառախուղ’