‘Եվրախորհրդարանի նախագահը մտահոգված է Էրդողանի՝ Թուրքիայում մահապատիժը վերականգնելու մտադրությամբ’

625

Եվրախորհրդարանի նախագահ Մարտին Շուլցը զարմանք եւ մտահոգություն է արտահայտել նախօրեին Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ մահապատիժը երկրում վերականգնելու մտադրության մասին արած հայտարարության առիթով:

«Այդ քայլը ետքայլ կլինի բոլոր առումներով՝  Թուրքիայի պատմության մեջ ընդհանրապես,   ԵՄ հետ հարաբերությունների համատեքստում եւ մարդու իրավունքների ոլորտում: Հուսով եմ, որ այդ գաղափարից (Թուրքիայի ղեկավարները) շատ արագ կհրաժարվեն», — ըստ թուրքական Today’s Zaman-ի, ասել է Շուլցը:

Եվրոպական խորհրդարանի նախագահի խոսքերով, մահապատժից հրաժարումը եվրոպական միության քաղաքացիներին միավորող ամենակարեւոր արժեքային տարրերից է: «Անկախ նրանից, թե որքան զազրելի է հանցագործությունը, այն չի կարող ուղղվել մեկ այլ մահվան միջոցով», — ավելացրել է նա:

Հիշեցնենք, երեքշաբթի Էրդողանը հայտարարել էր, որ Թուրքիան կարող է քննարկել մահապատժի վերականգնման հնարավորությունը: Նա իր զարմանքն է հայտնել նաեւ այն կապակցությամբ, որ Նորվեգիայում 77 հոգու սպանած ահաբեկիչ Բրեյվիկը դատապարտվել է «ընդամենը 21 տարվա ազատազրկման»:

 

Նախորդ հոդվածը‘Հարավային Աֆրիկայում ձերբակալել են 220 ալմաստ կուլ տված մարդուն ‘
Հաջորդ հոդվածը‘Սերխիո Բուսկետս. Երբեք չգիտես, թե վաղը ինչ կլինի’