Եվրամիությունում իր պատմության ընթացքում խոշորագույն կոռուպցիոն սկանդալն է պայթել։
Կիրակի օրը կաշառք ստանալու կասկածանքով ձերբակալվել է Եվրոպական խորհրդարանի փոխնախագահ Եվա Կայլին։ Հունաստանի սոցիալիստների կուսակցությունը նրան հեռացրել է իր շարքերից, իսկ դեկտեմբերի 12-ին Հունաստանը սառեցրել է նրա բոլոր ակտիվները։
Կայլիից բացի՝ ձերբակալվել է ևս երեք հոգի, նրանք բոլորը մեղադրվում են Կատարից կաշառք ստանալու մեջ։ Բելգիայի ոստիկանությունը խուզարկություն է անցկացրել 16 հասցեներով, Եվա Կայլիի տնից առգրավվել է կանխիկ 600 հազար եվրո։
Բելգիայի դատախազությունը դեկտեմբերի 11-ին տեղեկացրել է, որ Բրյուսելի քննչական դատավորը չորս հոգու «հանցավոր կազմակերպությանը պատկանելու, փողերի լվացման և կոռուպցիայի» մեղադրանք է առաջադրել, նրանք ձերբակալված են։
Բելգիայի դատախազությունը չի նշել այն պետությունը, ի շահ որի՝ գործով անցնող անձինք փող են ստացել, միայն նշել է, որ խոսքը Պարսից ծոցի պետություններից մեկի մասին է։ Եվրոպական ԶԼՄ-ներն անմիջապես գրել են, որ դա Կատարն է։ Ամերիկյան Politico պարբերականը, որը ծանոթացել է գործի որոշ նյութերի, նույնպես գրել է, որ խոսքը հենց այդ երկրի մասին է, որն այժմ ընդունել է ֆուտբոլի աշխարհի առաջնությունը։
Կատարի իշխանությունները դեկտեմբերի 12-ին հայտարարել են, թե չգիտեն՝ խոսքն ինչի մասին է։
Հրաարակված փաստերից դատելով՝ Կայլին և մյուսները կասկածվում են կաշառք ստանալու մեջ՝ Կատարի դրական կերպար ստեղծելու և այդ երկրում աշխատանքային միգրանտների վիճակի վերաբերյալ դրական տեղեկություններ տարածելու համար։
Փոխանցում է BBC-ն։
